Արցախահայությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը․ Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։

Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու միջոց։ Սակայն արցախահայությունը, հերթական անգամ դրսևորելով քաղաքացիական բարձր պատասխանատվություն, կարողացել է հաղթահարել առկա իրավիճակը։

Բռնաճնշումների այս քաղաքականությունն արժանացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի  և միջազգային հանրության, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ու  միջազգային կառույցների խիստ քննադատական արձագանքին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները երախտագիտություն են հայտնում միջազգային կառույցներին և մեր բարեկամներին՝ սկզբունքային կեցվածք դրսևորելու համար։

Միևնույն ժամանակ բարձր գնահատելով  Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերը\' ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր։

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»
«Միասնական հայրենիք»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
ք. Ստեփանակերտ
29.03.2022թ.