ԱԺ Պաշտպանության եւ Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարվեց «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։ (Հեղինակ՝ ՀՀ կառավարություն)
Հիմնական զեկուցողը՝ ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, մանրամասնեց, թե օրենքի նախագծով ինչ փոփոխություններ են նախատեսվում հիշյալ համաձայնագրում։ Նշենք, որ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010 թվականի նոյեմբերի 3-ին:
Վերոհիշյալ օրենքի նախագիծը, հիշեցնենք, ներառված էր 2021 թ․դեկտեմբերի 9-ի նիստի օրակարգում։ Խնդրում առկա համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի հուլիսի 20-ին Բելառուսի կառավարության, Ղազախստանի կառավարության, Ղրղզստանի կառավարության, Մոլդովայի կառավարության, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև: Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019թ. սեպտեմբերի 6-ին:
Արձանագրությունը, նկատենք, ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության համար, իսկ Տաջիկստանի Հանրապետության կողմից կիրառվում է ժամանակավորապես։
Արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով:
Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 60 օրը լրանալուց հետո և ուժի մեջ է մտնում այն ստորագրած կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։ Ներկայացնելով արձանագրությանը միանալու լավ կողմերը՝ ոստիկանության պաշտոնյան մասնավորապես նշեց, որ դրան միանալը բարենպաստ պայմաններ կստեղծի հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները ահաբեկչական, քրեական և/կամ այլ հակաօրինական գործողությունների իրականացման նպատակով օգտագործելու դեպքերը նվազեցնելու համար՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, կանխարգելման և բացահայտման միջոցով: Արձանագրությանը միանալը կնպաստի նաեւ նշված ոլորտում համագործակցության նպատակով ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ապահովմանը՝ նպաստելով իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ կողմերից որևէ մեկի տարածքում ավտոտրանսպորտային միջոցի հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում մյուս կողմի իրավասու մարմնին ծանուցելու միջոցով:
Արձանագրությամբ փոփոխություն և լրացում է կատարվում Համաձայնագրի 4-րդ հոդվածում, որի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման և վերադարձման ապահովման նպատակով յուրաքանչյուր Կողմ ապահովում է ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձևավորումը և պահպանությունը, որում ընդգրկվող տեղեկություններից բացի պետք է ներառվեն նաև հետևյալ տեղեկությունները․
- հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցների մասին,
- պետական սահմանը հատող ավտոտրանսպորտային միջոցների մասին,
- այն ավտոտրանսպորտային միջոցների մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունները պետական սահմանը հատելիս օրենսդրությանը համապատասխան ենթակա են մուտքագրման մաքսային մարմինների տեղեկատվական բազաներ,
- այն ավտոտրանսպորտային միջոցների մասին, որոնք վնասվել են այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, տարերային աղետի և այլ հանգամանքների կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով, որպիսիք հանգեցրել են դրանց կոնստրուկտիվ կործանմանը։
Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում է, որ Կողմերից յուրաքանչյուրը, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, ապահովում է այլ Կողմի իրավասու մարմինների կողմից վերոնշյալ տեղեկատվական բազաներում առկա տվյալների ստացման հնարավորությունն իրական ժամանակի ռեժիմում, ինչպես նաև այլ Կողմերի իրավասու մարմինների հարցման դեպքում և նախաձեռնության կարգով ապահովում է ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարի հարցում հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության օպերատիվ տրամադրումը։ Միաժամանակ, սահմանվում են տվյալների բազաներից տեղեկություններ ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հարցման հիման վրա տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը։
Տվյալների վերոնշյալ տեղեկատվական բազաներում պարունակվող տեղեկությունների ստացման և տրամադրման կարգը սահմանվելու է առանձին փաստաթղթով։
Միաժամանակ, հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու համար սահմանված առավելագույնը 20-օրյա ժամկետի փոխարեն սահմանվում է 30-օրյա ժամկետ։
Արձանագրության համաձայն՝ ծանուցում ստացած Կողմի կենտրոնական իրավասու մարմինը պետք է կա՛մ հայց ուղարկի հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին, կա՛մ գրավոր ծանուցի ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու հարցում սեփականատիրոջ շահագրգռվածության բացակայության մասին։
Արձանագրությամբ կատարվող փոփոխությամբ՝ չպահանջված ավտոտրանսպորտային միջոցը ծանուցումը ստանալու պահից 1 տարին լրանալուց հետո միայն կարող է ընդգրկվել այն Կողմի եկամուտների կազմում, որի տարածքում այն հայտնաբերվել և գտնվում է՝ տվյալ Կողմի օրենսդրությանը համապատասխան։
Նախագծի հիմնական զեկուցողը նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը նախագծի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել, ըստ որի՝ Արձանագրությունում թեև առկա չեն օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր: Մասնավորապես, Արձանագրության 2-րդ հոդվածը, որի համաձայն՝ սույն արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից 60 օրը լրանալուց հետո, հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածին, ըստ որի՝ ՀՀ միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով և պահից։ Այսպիսով, Օրենքը չի նախատեսում միջազգային պայմանագրերի ժամանակավոր կիրառման հնարավորություն: Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթների հիմքով:
Արձանագրության վերաբերյալ ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն՝ Արձանագրության նախագծում առկա են ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ։ Մասնավորապես՝ Արձանագրության 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվող ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի ձևավորումը և պահպանությունը: Միաժամանակ, Նախագիծը եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ չի պարունակում:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի եզրակացության համաձայն՝ էլ՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն։
ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացության համաձայն՝ Արձանագրությանը միանալը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից նպատակահարմար է։
Նշենք, որ Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո Կառավարությունը դիմել է ՀՀ ՍԴ-ին՝ նախագծի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցով։ Ըստ ՍԴ-ի 2022 թ փետրվարի 25-ի որոշման՝ արձանագրությամբ նախատեսված պարտավէրությունները չեն հակասում ՀՀ սահմանադրությանը։