Facebook-ն արգելափակել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի էջը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին, գրում է analitik.am-ը։
«Մեր քաղաքականության բազմակի խախտումների պատճառով 30 օրով սառեցնում ենք էջը, որի ընթացքում այն հասանելի կլինի միայն կարդալու համար»,-ասել է Facebook-ի աշխատակիցներից մեկը:
Պատճառը Մադուրոյի էջում ուրցի հումքով Carvativir պրեպարատի մասին գրառումն է եղել: Հունվարին քաղաքական գործիչն այն անվանել է «կախարդական կաթիլներ», որոնք չեզոքացնում են կորոնավիրուսը՝ առանց կողմնակի ազդեցությունների: Միևնույն ժամանակ, նախագահը ոչ մի բժշկական ապացույց չի ներկայացրել: