Էրդողանը չի կարող առաջադրվել երրորդ նախագահական ժամկետի համար. Cumhuriyet
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող առաջադրվել որպես թեկնածու 2023 թվականի հունիսին նշանակված նախագահական ընտրություններում, գրում է Cumhuriyet թերթը։

2017 թվականին տեղի ունեցած հանրաքվեով Թուրքիայի հիմնական օրենքում ընդունված փոփոխությունների համաձայն՝ նույն անձը չի կարող երկու անգամից ավելի նախագահել։ Էրդողանը նախագահ է ընտրվել երկու անգամ՝ 2014 և 2018 թվականներին։

Cumhuriyet-ը հիշեցնում է, որ Թուրքիայի սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ երկրորդ ժամկետով ընտրված նախագահը կարող է կրկին առաջադրվել, եթե խորհրդարանը որոշի «թարմացնել ընտրությունները»։ Նրա օգտին պետք է քվեարկի 600 տեղանոց խորհրդարանի 360 պատգամավոր, սակայն Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրան աջակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը այդքան մանդատ չունեն։

«Այսպիսով, Էրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը միայն այն դեպքում, եթե ստանա ընդդիմության աջակցությունը: Իսկ դա արդեն մատնանշում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը»,- գրում է պարբերականը:
Այնուամենայնիվ, Էրդողանի կուսակցությունը պնդում է, որ իրենց ղեկավարի՝ երրորդ նախագահական ժամկետով առաջադրման համար իրավական խոչընդոտներ չկան։ ԱԶԿ-ն նշում է, որ երկրում նախագահական կառավարման ձևի ներդրման վերաբերյալ սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո Էրդողանը ընտրություններին մասնակցել է միայն մեկ անգամ, ուստի 2023 թվականին նա կարող է կրկին առաջադրվել։

Նախագահն էլ անցյալ շաբաթ ասել էր, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ չեն լինելու, դրանք կանցկացվեն 2023 թվականի հունիսին, ինչպես նախատեսված է օրենքով։