ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին վերջին հրաժեշտը տալու պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրա ամբողջ օրը զբաղված է։ Ներքին խորհրդակցություններ, հանդիպումներ, միջազգային հեռախոսազրույցներ, Հեռավորարևելյան ֆորումին նախապատրաստություն. համենայնդեպս, նա պետք է ելույթ ունենա այնտեղ: Հետևաբար վաղը շատ են (գործերը): Վաղը լիարժեք, շատ լարված աշխատանքային օր է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Սեպտեմբերի 1-ին Պուտինն արդեն հրաժեշտ է տվել Գորբաչովին Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում՝ ծաղիկներ դնելով նրա դագաղին։ Դրանից հետո երկրի ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Կալինինգրադի մարզ։