Կրեմլը հայտնել է, որ չի ցանկանում մասնակցել միջուկային հռետորաբանությանը՝ կապված ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի՝ միջուկային սպառնալիքի մասին արտահայտությունների հետ, և միաժամանակ նշել է, որ ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով։
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Բոլթոնի խոսքերն այն մասին, որ միջուկային զենքի կիրառման դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կդառնա օրինական ռազմական թիրախ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ինչ վերաբերում է միջուկային հռետորաբանությանը, ինչը վերջին շաբաթներին ամենատարբեր մակարդակներում բորբոքվում է Արևմուտքում, առաջին հերթին ԱՄՆ-ում, ապա մենք չենք ցանկանում դրան մասնակցել»:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հասցեին հնչող սպառնալիքներին և նրա անվտանգության ապահովմանը, Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Նախագահի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով՝ հաշվի առնելով առկա բոլոր սպառնալիքները»։