Վահան Քերոբյանը կարևորել է շվեդական IKEA և H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։
Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և կարևորել է Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր և նշել երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու անհրաժեշտությունը:
Դեսպանը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։
Նախարարը կարևորել է նաև շվեդական IKEA և H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաև տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, և հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաև վերջիններիս իրականացման գործընթացում։
Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։
Դեսպանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը։