Նախքան ՀՀ Կառավարության նիստի հիմնական օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տնտեսության վերականգնման հերթական ազդակն են ստացել և, ըստ էության, կարող են արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է եղել։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրենք ամփոփել են 2021 թվականի մարտ ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է՝ անցյալ տարվա համեմատ աշխատատեղերն ավելացել են 2500-ով։ Հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություններ իրականացվել են 2019-ի համեմատ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով։
«2019 թվականի մարտ ամսվա համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավելացել է 38 000-ով, հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, և այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավել է 7,5 միլիարդով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 24 միլիարդով։ Միջին հարկման բազան կազմել է 211 500 դրամ, որը 2020 թվականի նկատմամբ ավել է 12 000-ով, իսկ 2019 թվականի նկատմամբ շուրջ 28 000-ով»,-ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։