Արտարգանդային բեղմնավորման մեկ փորձը 100 տոկոսով ֆինանսավորվում է պետության կողմից, 2-րդ փորձը՝ 50 տոկոսով. ովքե՞ր կարող են դիմել անպտղության հաղթահարման ծրագրին
Կառավարությունն օրերս հավանություն է տվել դեռևս 2019թ.-ից  գործող անպտղության հաղթահարման պետական ծրագրում շահառուների մի շարք խմբերի ներառմանը։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։ 

Նրա խոսքով՝ 2 տարի և ավելի անպտղություն ունեցող մինչև 36 տարեկան անզավակ բոլոր կանայք՝ անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից, կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից. «Ծրագրի շրջանակում իրականացվելու են անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, մինչև արհեստական սերմնավորումը և բեղմնավորումը պարտադիր հետազոտություններ։ Իրականացվելու են ներարգանդային սերմնավորման փորձեր, ինչպես նաև արտարգանդային բեղմնավորման մեկ փորձը 100 տոկոսով ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 2-րդ փորձի դեպքում 50 տոկոսն է ֆինանսավորվում»։ 

Նունե Փաշայանը հավելեց, որ ծրագրում ներառվել է նաև 2-րդ խումբը: «36-42 տարեկան կանանց համար միայն սերմնավորման փորձերն են ֆինանսավորվում պետության կողմից»,- ընդգծեց նա ու հավելեց, որ եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարեկանը, ապա պահպանում է շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը։  

Ծրագրում առաջին անգամ ներառվել են նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերը։ Նունե Փաշայանը նշեց, որ 20-36 տարեկան սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչները, որոնք ունեն 1 երեխա, ծրագրով հնարավորություն է տրվում ունենալ 2-րդ երեխան. «Այս պարագայում ամուսնությունը պետք է գրանցված լինի ՔԿԱԳ մարմիններում, և առնվազն մեկ տարի նանք պետք է լինեն սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ։ Իրականացվելու են անպտղության պատճառագիտության որոշում, ներարգանդային սերմնավորում և ներարգանդային բեղմնավորման 1 փորձ»։ 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշեց նաև, որ ծրագրից օգտվել ցանկացողները կարող են դիմել բուժհաստատություններ, որտեղ էլ  ձևավորված հանձնաժողովը որոշելու է քաղաքացու կարիքները. «Այսօր պետպատվերը տեղադրված է «Շենգավիթ» ԲԿ-ում, «Աստղիկ» ԲԿ-ում, «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական ինստիտուտում, «Ֆերթիլիթի սենթր» ԲԿ-ում և Հանրապետական ծննդատանը»։