Ո՞վ է այս խնդրի շահառուն՝ բանա՞կը, կառավարությո՞ւնը, թե՞ ԱԱԾ-ն. չենք հասկանում՝ ով է ուզում ինչ-որ բան անել և ինչպես․ փորձագետը՝ համացանցը սահմանափակելու մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում. նախագծով առաջարկվում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ։ Այս առնչությամբ «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպվել էր քննարկում՝ «Ռազմական դրության ընթացքում սահմանափակել համացանցը. Իմա՛ստը» թեմայով:
Քննարկման մասնակից՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ հարցն այն է, որ մենք չգիտենք՝ ով է նախագծի իրական նախաձեռնողը։
«Արդարադատության նախարարությունն է առաջարկել՝ պարզ է, բայց բովանդակային տեսանկյունից սա իրենց հարցը չէ։ Ո՞վ է այս խնդրի շահառուն՝ բանա՞կն է, թե՞ կառավարությունը, թե՞ ԱԱԾ-ն և այլն։ Այսինքն՝ սա արդեն խնդիր է, որովհետև մենք լավ չենք հասկանում, թե ով է ուզում ինչ-որ մի բան անել, ու մեջն էլ լավ գրված չէ, թե ինչպես է այս ամեն ինչն արվելու։ Այսինքն՝ մտցված են շատ խիստ, ռեպրեսիվ գործիքներ, ընդհուպ մինչև ինտերնետ կապի ամբողջական անջատում։ Դա, կարծում եմ, ոչ ոք Հայաստանում երբեք չի փորձարկել։ Մենք նույնիսկ չգիտենք, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Նա նաև նշեց, որ մենք չունենք կրիտիկական ենթակառուցվածքների մասին օրենք, այսինքն՝ մենք չունենք ցանկ, թե որոնք են կրիտիկական ենթակառուցվածքները, ինչպես դրանք պաշտպանենք, ու ստեղծում ենք հնարավորություն այդ ամեն ինչը մի օրվա մեջ անջատելու։
Մանրամասները՝ տեսանյութում