Վարդենիսի համայնքապետը հերքում է «Թաթոյան հիմնադրամի» հրապարակած՝ Վերին և Ներքին Շորժա համայնքների դատարկված լինելու մասին լուրը. Վարդենիսի բնակավայրերը ոչ թե դատարկվում են, այլ` լցվում
Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում հերքեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հիմնադրած՝ «Թաթոյան հիմնադրամի» կողմից հրապարակված տեղեկությունը, թե՝ «2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ, կամ ջուր չկա առհասարակ»,-մասնավորապես նշված է հիմնադրամի հրապարակած տեղեկանքում։   

Ա. Խաչատրյանը նախ շեշտեց, թե առաջին անգամ մեզանից է լսում, որ հիմնադրամը նման փաստահավաք  առաքելություն  է իրականացրել համայնքում, իրեն ոչ ոք տեղյակ չի պահել նման միջոցառման  մասին։   «Էդ ե՞րբ եկավ, ե՞րբ գնաց, ես բացարձակապես տեղյակ չեմ եղել, ինձ, որպես համայնքի ղեկավարի, ոչ ոք այդ հարցով ոչ մի հարցում չի արել։  Ինչ վերաբերում է հիշյալ կազմակերպության հրապարակած տեղեկությանը՝ համայնքների դատարկվելու վերաբերյալ, ապա այն չի համապատասխանում իրականությանը։  Ես պաշտոնապես հայտարարւմ եմ՝ մասնավորապես Վերին և Ներքին Շորժա գյուղերի մասին  հրապարակված տեղեկությունը կեղծ է, ովքեր ապրում էին այդ համայնքներում, այժմ էլ շարունակում են ապրել, ովքեր էլ չեն ապրել, դուրս են եկել համայնքից  դեռ մինչև սեպտեմբերյան ագրեսիան, այժմ էլ  չեն ապրում։  Ավելին ասեմ՝ Վարդենիսի տարածաշրջանի բնակավայրերը ոչ թե դատարկվում են, այլ ընդհակառակը՝  լցվում են։  Բնակիչներ կային, որոնք սեպտեմբերի դեպքերից հետո հեռացել էին,  բայց երկու օր անց նորից վերադարձան։ Կային բնակիչներ, որոնք այս ընթացքում չէին վերադարձել, բայց նրանք էլ  քիչ-քիչ նորից վերադառնում են իրենց տուն-տեղին։  Մասնավորապես Սոթք համայնքը դատարկվել էր, երկու  ընտանիք էր մնացել, մենք իրենց տարհանեցինք, այլ վայր տեղափոխեցինք։  Իրենք  հաշմանդամության կարգ ունեին։ Նույնիսկ իրենք են վերադարձել  և ապրում են Սոթքում։  Թաթոյանն ու իր հիմնադրամը ինձանից լա՞վ գիտեն, թե այդ գյուղերում ինչ վիճակ է։ Թող գա ու ցույց տա, թե որտե՞ղ է, որ  դատարկվում են»,- տարակուսեց համայնքապետը։ Նա նաև նշեց, որ հունվարի 4-ին եղել է համայնքի յոթ գյուղերում, հանդիպում է ունեցել բնակիչների հետ, բոլորը իրենց առօրյա հոգսերով ու խնդիրներով  ապրում են։  

Ինչ վերաբերում է սարատեղիի և ՀԷԿ-ի չգործելուն, ինչի մասին նույնպես իր զեկույցում նշել էր վերոհիշյալ հիմնադրամը, ապա, ըստ համայնքապետի. «Սարատեղիի մի հատվածը, այո, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անվտանգության նկատառումներից ելնելով, չի գործում։ Այս տարի մենք ուսումնասիրություն կկատարենք, եթե տեսնենք՝ հնարավորություն կա, որ  չգործող որևէ ենթակառուցվածք գործի, ապա ամեն ինչ կանենք, որ գործի»։ 

Վարդենիսի համայնքապետը նշեց նաև, որ սեպտեմբերյան ագրեսիայից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներ են կատարվում, նոր բնակարաններ են կառուցվում։ 

Իսկ ինչպիսի՞ն է սահմանային իրավիճակը համայնքում։ «Փառք Աստծու, հանդարտ է, ահագին ժամանակ է՝ հանգիստ  է։ Տա Աստված, որ այսպես շարունակվի»,- նշեց համայնքապետը՝ խաղաղություն մաղթելով մեր երկրին։ 

Վարդենիսի համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը՝ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վարդենիս համայնքի ավագանու անդամներ  Դավիթ Շահնազարյանը և Վարդան Մարգարյանը, օրերս  այցելել են  Գեղամասար, Արեգունի, Փամբակ, Դարանակ, Ավազան վարչական բնակավայրեր և  հանդիպել  բնակիչների հետ։

Համայնքի ղեկավարը բնակիչներին տեղեկացրել է, որ  2023 թվականին սուբվենցիոն ծրագրերում ներառվել են համայնքային կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրները՝  ոռոգման և խմելու ջրագծերի անցկացում, փողոցների լուսավորում, մանկապարտեզի կապիտալ կառուցում, կամուրջների հիմնանորոգում և այլն։

Այնուհետ լսվել են նաև բնակիչների կողմից բարձրացված խնդիրները,  որոնց օրենքով սահմանված կարգով կտրվեն  համապատասխան լուծումներ։

Ելենա Ազատյան