Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020-ի աղետալի պատերազմը և նրա սողացող շարունակությունը իրենց ցավալի հետևանքներն են ունեցել և շարունակում են ունենալ Արցախի ու Հայաստանի հազարավոր մարդկանց կյանքերի վրա, ճակատագրեր խեղաթյուրել։
Արցախցի Արինա Պետրոսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմի հետևանքով զրկվեց իր կյանքի մեծ մասի ավանդի արդյունք տնից, որտեղ ապրում էր իր որդու, հարսների և թոռների հետ, տան հետ կորցրեց ոչ միայն մեծ ջանքերով, աշխատանքով ձեռք բերած ունեցվածքը, այլև ապագայի շատ նպատակներ, երազանքներ։ Արինան պատմում է, որ Արցախում մնալու ցանկություն ունեցել են, սակայն Ստեփանակերտում չեն կարողացել կացարան գտնել և 2021 թվականից 5-հոգանոց ընտանիքով տեղափոխվել են Հայաստան ու մինչ օրս վարձով բնակվում են Հրազդանում։ Այս ընթացքում քիչ թե շատ կարողացել են աշխատել, ապրել՝ ծայրը ծայրին հասցնելով, նեղ օրերով, զրկանքներով, սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին և աշխարհին կապող Լաչինի միջանցքը, իրենց կյանքը ևս գլխիվայր շրջվեց։ Նրա որդին տաքսու վարորդ է և հենց դեկտեմբերի 12-ին՝ ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի փակվելու օրը, պատվեր էր ունեցել դեպի Արցախ և մինչև այսօր շրջափակման մեջ է, ինչի հետևանքով որդին՝ տան միակ աշխատողը, զրկվել է աշխատանքից, իսկ իրենք՝ իրենց եկամտի հիմնական աղբյուրից, և հայտնվել են անելանելի վիճակում։ Որդու հեռու լինելը հոգեբանորեն շատ է ընկճել հատկապես թոռներին։ Նրանցից մեծը Ձմեռ պապից միայն ճանապարհի բացվելն ու հայրիկի վերադարձն է խնդրել որպես Նոր տարվա նվեր ու մեծ հույսով սպասել է, որ այդ հրաշքը կկատարվի, բայց, ցավոք, չեղավ։
Արինայի խոսքով՝ այս ընթացքում որդին չի կարողանում այնտեղ աշխատել, եղած միջոցներն էլ ծախսում է Արցախում գտած ժամանակավոր կացարանի, իր ապրուստի վրա և ընտանիքին ոչ մի գումար չի կարողանում հատկացնել, իսկ ամենավատը, ըստ նրա, այն է, որ ոչ ոք չի կարող ասել, թե երբ կբացվի ճանապարհը։
«Վիճակն ավելի է դժվարացնում իմ հիվանդությունը։ Ես ունեմ սիրտ-թոքային անբավարարություն, առանց բուժումների, դեղերի չեմ կարող, մեր ունեցածը ստիպված ծախսում ենք դեղերի, բուժման համար, որը ամեն ամիս կազմում է 60000 դրամ»,- ասում է նա։
Արինան նշում է, որ, ցավոք, մինչ օրս հնարավորություն չկա նաև օգտվելու պետական աջակցությունից և թեթևացնելու դեղերի ծախսերը։
Բացի դրանից՝ իր առողջական վատ վիճակի պատճառով չի կարողանում երեխաներին պահել, որպեսզի հարսը կարողանար իր համար աշխատանք գտնել ու գոնե մի քիչ լուծելի դարձնել կեցության, ապրելու խնդիրները։ Նա ասում է, որ Արցախից տեղափոխվելու առաջին տարին պետությունը աջակցություն ցուցաբերել է, բայց այդ ծրագիրն արդեն ավարտվել է։ Օրերս էլ թաղապետարանը, հաշվի առնելով ընտանիքի սոցիալական բարդ իրավիճակը, որդու շրջափակման մեջ գտնվելու փաստը, սնունդ, կենցաղային ապրանքներ է տրամադրել, սակայն փաստացի այսօր անգամ չեն կարողանում ջեռուցման, սննդի կարիքները հոգալ։ Տիկին Արինան, հուզմունքը մի կերպ թաքցնելով, ասում է՝ ինչքան երկարում է Արցախի շրջափակումը, ավելի է ուժեղանում անորոշությունն ու անզորության զգացումը, որը հետզհետե հաղթում է իրեն, սպառում պարզապես։
«Տանտերը այստեղ ապրելու ժամանակ դեռ տվել է, բայց ասել է՝ երկար չի կարող այսպես շարունակվել, ու չգիտեմ՝ որտեղից եմ ճարելու 90000 դրամը»,- հուսահատ նշում է Արինան։
Հիմա նա հույս ունի, որ հնարավորություն ունեցող մարդիկ ֆինանսական օգնություն կցուցաբերեն, գուցե նախարարությունը դեղերի ծախսի բեռը կթեթևացնի մի քիչ, որպեսզի կարողանա 60000 դրամը խնայել և տան վարձը տալ։
Չնայած մեր փորձերին, այդպես էլ չկարողացանք կապ հաստատել առողջապահության նախարարության հետ և ճշտել, թե ինչ օգնություն է հնարավոր տրամադրել այս իրավիճակում։
Օգնության համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 033 213255, 097180138
Արցախբանկ՝ 9051350200676078,
Իդրամ՝ 636285722․
Թամարա Ղազարյան