«Վերջին շրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անում, ակնհայտ է, որ խաղաղության օրակարգը շինծու է։ Մեր ռազմատեխնիկան համալրելու մասին վերջին ամիսներին առավելապես գրում են միջազգային ԶԼՄ-ները, մասնավորապես նշվում են զենքերի անունները, զենք մատակարարող երկրների թվում էլ նշվում են Հնդկաստանը, Իրանը։ Կա՞ արդյոք նման գործընթաց եւ ի՞նչ փուլում է»։ Կենտրոն ՀԸ-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց․
«Ես չեմ կարծում, թե այդ հրապարակումների առնվազն մեծ մասը բարի նպատակներով են արվում եւ չեմ կարծում, որ այդ հրապարակումները մեր գործին որեւէ օգուտ տալիս են։ Չեմ կարծում նաեւ, թե մենք պետք է հրապարակային քննարկենք մեր բանակի եւ սպառազինության համալրման հարցերը։ Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլեմներ, դա փաստ է եւ հնարավոր չէ ժխտել։ Բայց այն, որ մենք անում ենք ամեն ինչ՝ այդ պրոբլեմները լուծելու համար, դա էլ ակնհայտ է դառնում, դուք կարող եք տեսնել ՀՀ պետական բյուջեում՝ ե՛ւ 2022 թ կատարողականում, ե՛ւ 2023 թ․պլանավորվածում»։
Փաշինյանը նշեց նաեւ, որ տարածաշրջանի խաղաղության համար մեր ԶՈՒ-ի մարտունակությունը շատ կարեւոր է, բայց նաեւ պետք է հասկանանք, որ առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ։ Միայն մարտունակ բանակ ունենալով էլ խաղաղություն հնարավոր չէ, որովհետեւ կգտնվեն ուրիշ բանակներ, որոնք ավելի մարտունակ են։ Անդրադառնալով այն ձեւակերպմանը, թե խաղաղության օրակարգը շինծու է դառնում՝ վարչապետն առարկեց․ «Չի կարող շինծու դառնալ խաղաղության օրակարգը այն առումով, որ այն իրողություն չէ։ Որեւէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգը անհրաժեշտություն է ՀՀ համար եւ ընդհանուր առմամբ նաեւ տարածաշրջանի։ Նկատի ունեմ, որ որեւէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից եւ տեսլականից։ Եւ մենք շարունակելու ենք գնալ այդ ուղղությամբ»,- նկատեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ զորավարժությունները, ռազմական սադրանքները նպատակ ունեն հենց այդպես՝ շինծու հռչակել խաղաղության օրակարգը։ «Այն, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ, դա ակնհայտ է։ Բայց նաեւ ակնհայտ է հետեւյալը՝ երբ մենք խոսում ենք ԼՂ-ի մասին, Ադրբեջանը դա ընկալում է որպես ոտնձգություն իր տարածքային ամբողջականության նկատմամբ եւ ապացույց այն բանի, որ ՀՀ-ն չի ճանաչում եւ մտադիր չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եւ դրանից էլ զարգացնում են այն խոսույթը, թե՝ եթե էդպես է, մենք էլ չենք ճանաչում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։ Դրանից էլ մենք այլ հետեւության ենք գալիս, որ 2021 թ-ի եւ նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը՝ նպատակ է դրել նորանոր տարածքային նկրտումներ ի ցույց բերել ՀՀ-ի նկատմամբ։ Հիմա նրանք ՀՀ-ում ժամանակին բնակված ադրբեջանցիների մարդահամար են անում, մենք էլ ենք անում։ Մենք էլ Բաքվից, Սումգաիթից, Գետաշենից, Շահումյանից եւ այլ տեղերից բռնագաղթած հայերի շրջանում ենք մարդահամար անցկացնում։ Ընդ որում, հաշվարկներ ենք անում, թե նրանք իրենց դեմ կիրառված բռնությունների հետեւանքով որքա՞ն նյութական վնաս են կրել»,-նշեց վարչապետը։
Վերջինս նաեւ անդրադարձավ այն հարցադրմանը, թե՝ թուրքերը մեր թշնամի՞ներն են, թե՞ ոչ։ «Կա պատմական իրողություն, որ ուզենանք էլ, չենք կարող փոխել։ Բայց այդ թշնամանքի զգացումը պե՞տք է կառավարվի, թե՞ ոչ։ Կարծում ենք՝ պետք է կառավարվի։ Եկեք սա էլ ասենք․ Ադրբեջանը համարում է, որ ինքը ռազմական հաջողության է հասել ու այն պետք է զարգացնի՝ առավելագույնը ստանալու համար։ Ընդ որում, նրանք դա դիտարկում են հետեւյալ տրամաբանությամբ, որ իրենք հայկական կողմի սխալը չպետք է կրկնեն․ երբ 1994-ին մենք ունեցանք ռազմական հաղթանակ եւ հետեւողական չգտնվեցինք այդ հաղթանակի արդյունքները արձանագրելու գործում։ Նրանք կարծում են, որ ԼՂ-ի եւ ՀՀ-ի էն ժամանակվա սխալներից պետք է դասեր քաղեն իրենք եւ նույն կերպ չվարվեն»։
Վարչապետը նշեց նաեւ, թե պետք է հասկանալ, թե ինչպես ու ինչու են փոխվել ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները, ՌԴ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները, եւ թե ի՞նչ ազդեցություն ունեն այդ հարաբերությունները մեզ վրա։ «Մենք մի հարցի պատասխանը պիտի տանք՝ մենք այս տարածաշրջանում ինչպե՞ս ենք մեզ դիրքավորում, որպես հարեւան եւ գործընկե՞ր, թե՞ պայմանական բառապաշարով՝ որպես ֆորպոստ, թե՞ որպես պատմական արդարության մարտիկ, կամ՝ մի պետություն, որը պիտի դասեր տա մյուս պետություններին, թե ինչպես պետք է ապրել, ստեղծագործել եւ այլն։ Սա մենյու է, որից մենք պետք է ընտրենք։ Եւ մեր կառավարությունը իր ընտրությունն արել է, սակայն փաստ չէ, որ մյուսների համար դա ընդունելի կլինի, քանի որ մյուսներն էլ կարող են ասել՝ ուշացել եք, շուտ պետք է ընտրեիք այդ դերակատարումը, դա հիմա չենք ընդունում։ Մենք այս իրավիճակում պետք է ավելի խորագետ լինենք՝ հաղթահարելու մեր առջեւ ծառացած մարտահրավերները»։
Վարչապետը վկայակոչեց մի բանաձեւ, որը, ըստ նրա, մեր քաղաքական գիտակցությունը շատ վաղուցվանից կանխորոշել է․ «Մենք աշխարհո՞վ պիտի գանք տարածաշրջան, թե՞ տարածաշրջանից պիտի գնանք աշխարհ։ Սրանք տարբեր հայեցակագեր են եւ մեր պատմության մեծ մասի ընթացքում աշխարհից եկել ենք տարածաշրջան։ Կարծում եմ, որ սա է անկյունաքարային հարցը, որին պետք է պատասխանենք։ Մենք տարածաշրջանից պիտի գնանք աշխարհ եւ ոչ թե հակառակը։ Մենք եթե տարածաշրջանում մեր հարաբերությունները չփոխենք, չենք կարողանա կառավարել սպառնալիքները։ Բայց փաստ չէ, որ միայն մեր ցանկությունը բավարար է, մենք պետք է շատ ավելի ճկուն լինենք, քան մեզ թվում է, որ պետք է լինենք։ Սա նշանակում է, որ ճգնաժամ է, եւ ոչ թե խուճապի պիտի մատնվենք, այլ՝ հասկականք, որ ճգնելու, մտածելու, ըմբռնելու ժամ է»։