«ԱԺ նախագահը Հայաստանում, բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոչ մեկին չի կարող հովանավորել. ի՞նչ լծակ ունի Ազգային ժողովի նախագահը: Կարող է հովանավորել վարչապետը, բայց ես գիտեմ, որ ես ոչ մեկին չեմ հովանավորում, և բոլորը գիտեն»,- այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում պատասխանելով «Հետք»-ի լրագրողի հարցին՝ կապված «Վիվառո» ընկերության ղեկավարի հետ Ալեն Սիմոնյանի անցկացրած հանգստի և հետագայում խոշոր գործարարի բիզնեսների աճի հետ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Ալեն Սիմոնյանը իրեն ծանոթացրել է «Վիվառո» ընկերության ղեկավար Վիգեն Բադալյանի հետ 2011 թվականին, և հավելեց. «Ես չեմ կարող ասել, որ ձեր 20 կամ 30 տարվա ընկերներին մի բարևեք. դա անհեթեթություն կլինի»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքը ձև չի անում և որևէ սահմանափակում չունի: Դիմելով լրագրողին՝ նա ասաց. «Դուք անձամբ կարող եք ձեր հիմնավորումները ներկայացնել: Բացառված է, որ Վիգեն Բադալյանը ՀՀ-ում արտոնյալ լինի, չի կարող լինել այդպիսի բան: Ապօրինություններ կարող են լինել, բայց չեն կարող դրանք լինել իմ իմացութամբ»: