Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 2022թ. նոյեմբերի 3-ի հրամանով հաստատվել է երեխայի հիվանդության պատմագրի ձևը, ըստ որի՝ երեխայի սեռը, բացի արական ու իգական տարբերակներից, կարող է նշվել նաև «չճշտված»։ Երեխայի հիվանդության պատմագրի ձևում «չճշտված» տարբերակը նշվում է մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը։ Թե որն է նպատակը, որ երեխայի հիվանդության պատմագրում ավելացվի «չճշտված սեռ» նշելու հնարավորությունը, ՀՀ առողջապահության նախարարությունից հետևյալ կերպ են պարզաբանել. «2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Երեխայի հիվանդության պատմագրի ձևը, որը նախատեսված է բացառապես բուժաշխատողների համար: Անդրադառնալով պատմագրի ձևի կետ 21-ում նշված երեխայի սեռին վերաբերող տողի «չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)» ձևակերպմանը՝ հարկ է նշել, որ եզրույթը զուտ բժշկական նշանակություն ունի՝ նախատեսված նորածնային և կրծքի հասակի երեխաների համար»:
Ըստ նախարարության՝ ցավոք, առկա են մի շարք ախտորոշումներ, որոնց դեպքում երեխայի ծննդի պահին հնարավոր չէ որոշել երեխայի սեռը ելնելով արտաքին սեռական օրգանների տեսքից. «Նման խնդրի կարող են հանգեցնել մի շարք ախտաբանություններ, օրինակ՝ մակերիկամի կեղևի բնածին դիսֆունկցիան, Թերների համախտանիշը, կեղծ հերմաֆրոդիտիզմը, բնածին զարգացման արատները, քրոմոսոմային անէուպլոդիաները և այլն: Այս դեպքերում պահանջվում են լրացուցիչ լաբորատոր-գործիքային քննություններ, այդ թվում՝ գենետիկական հետազոտություն (կարիոտիպի որոշում)»:
Առողջապահության նախարարությունից նաև նշել են, որ վերոնշված բժշկական խնդիրներով երեխաները եզակի են, բայց կան, ուստի վերջիններիս հիվանդանոցում գտնվելու, անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը ստանալու ժամանակահատվածում նրանց սեռի վերաբերյալ ևս նշում պետք է լինի. «Հետազոտությունների արդյունքում սեռը պարզ դառնալուց հետո միայն հնարավոր է պատմագրում լրացնել «արական» կամ «իգական» դաշտերը: Երեխայի հիվանդության պատմագիրը լրացվում է բժշկի կողմից, իսկ վերջիններս ունեն մասնագիտական գիտելիքներ և ամբողջությամբ տիրապետում են վերոհիշյալ տեղեկատվությանը: Ավելին, ԽՍՀՄ-ում գործող «Ծննդի մասին» բժշկական վկայականի քաղվածքում ևս առկա է եղել նշում՝ «տղա-, աղջիկ-, չորոշված-»: 2009 թվականին հաստատված «Ծննդի մասին» բժշկական վկայականում, որը վերանայվել և վերահաստատվել է 2017-ին, կրկին նշվում է՝ «արական-, իգական-, չի որոշված-»: Այսպիսով՝ երեխայի հիվանդության պատմագիրը համապատասխանեցվել է գործող իրավական ակտերին ելնելով երեխայի և ընտանիքի լավագույն շահից»:
Civic.am-ը «չճշտված սեռ» հասկացության որոշ դեպքերի մասին զրուցել է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-գենետիկ Նաթելլա Կոստանդյանի հետ։
Բժշկուհին մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նորածինների մոտ երբեմն պատահում են արտաքին սեռական օրգանների ոչ ճշգրիտ կառուցվածք, և բերեց մի շարք օրինակներ. «Օրինակ՝ զարգացած չի լինում նորածնի առնանդամը, և երբ երկմտելու տեղ կա, այդ դեպքում միայն որոշում ենք քրոմոսոմային սեռը։ Երեխաներին ուղարկում ենք կարիոտիպի որոշման, այսինքն՝ քրոմոսոմային կազմի որոշման, և եթե նորմալ կարիոտիպ է, օրինակ՝ աղջկա դեպքում XX է, իսկ տղայի դեպքում XY է, ապա հաջորդ մասնագետների են դիմում՝ էնդոկրինոլոգ և այլն, որ որոշվի ոչ միայն քրոմոսոմային սեռը, այլ նաև էնդոկրին սեռը և այլն, որը էլի կարող է տարբերվել»։
Հարցին՝ նման դեպքերը հաճախակի՞ են պատահում, բժշկուհին արձագանքեց. «Այո, մենք ունենում ենք դեպքեր, օրինակ՝ տղա երեխաների մոտ հաճախ է լինում, որ ծնվելուց ամորձիներն իջած չեն լինում։ Այդ դեպքում Սովետական Միությունում պարտադիր պայման էր, որ երեխայի սեռը որոշվում էր և հետո էր դուրս գրվում ծննդատնից, հիմա քանի որ երեխաներին երկար չեն պահում ծննդատանը՝ դուրս են գրում, հետո են ուղարկում մեզ մոտ հետազոտության»։
Բժշկուհու խոսքով՝ դեպքեր են լինում, երբ թվում է, թե տղա է՝ առնանդամ ունի, ուղղակի ամորձիներն իջած չեն, բայց երբ դիմում են բժշկի, պարզվում է, որ իրականում ոչ թե առնանդամ է, այլ հիպերտրոֆիկ ֆիլտրն է, և երեխան աղջիկ է. «Նյուանսները շատ են։ Դեպքեր են լինում, երբ գենետիկայի կենտրոն դիմում են երեխաներ ավելի մեծ տարիքում, որոնց կենսաբանական սեռը երևում է արտաքնապես, սակայն հետազոտությունն այլ բան է ցույց տալիս։ Օրինակ՝ կարող է լինել աղջիկ, որը չունի դաշտան, և երբ հետազոտում ենք, պարզվում է, որ ինքը գենետիկորեն տղա է, որովհետև չունի արգանդ, չունի ձվարան։ Սա նշանակում է, որ երեխան իգական սեռից միայն ունի սեռական շուրթեր և կարճ հեշտոց, սա դեռ ամենապարզ տարբերակն է»,- ասաց Նաթելլա Կոստանդյանն ու նշեց, որ նման դեպքում մեծ հարց է՝ թողնել երեխային իգական սեռո՞ւմ, թե՞ սարքել տղա: «Վերջերս կոնֆերանս ունեինք, որտեղ մի ընտանիքում 2 նման երեխա էր ծնվել։ Մեծ երեխային թողել էին աղջիկ՝ տվել էին իգական հորմոններ, չնայած չուներ արգանդ և ձվարաններ, իսկ փոքրին վիրահատել և տվել են արական հորմոններ, և ինքը որպես տղա է զարգացել։ Իհարկե երկուսն էլ հետագայում չբերություն են ունենալու՝ երեխա ունենալու հետ կապված հարց է լինելու»,- մեկնաբանեց Նաթելլա Կոստանդյանը։
Հարցին՝ ճի՞շտ մոտեցում է, որ ծնողը որոշի երեխայի սեռը, բժշկուհին պատասխանեց. «Միայն ծնողի ցանկությամբ չի կարող որոշվել, որովհետև սեռի մի քանի տարբերակ կա՝ քրոմոսոմային, հոգեբանական, էնդոկրին։ Երեխա կա, որ բացարձակ ոչ մի խնդիր չունի՝ ոչ անատոմիական, ոչ գենետիկ, ոչ էնդոկրին, բայց որոշ տարիքում իրեն իր կենսաբանական սեռում հարմարավետ չի զգում և փոխում է սեռը, և մենք չենք կարող ասել՝ ճիշտ է, թե սխալ է։ Բայց եթե փոքր երեխա է, և հարց է ծագում վիրահատության կամ էնդոկրին միջամտության, պետք է լինի բժիշկների կոնսիլիում, և բժիշկները պետք է խորհուրդ տան, որ այս պարագայում՝ այս տարիքում որն է ճիշտ լուծումը։ Ծնողը չի կարող իր ցանկությամբ որոշել»։
Բժշկուհու ներկայացրած հերթական օրինակների շարքում էր նաև այն, որ դեպքեր են լինում, երբ երեխայի ամորձին զարգացած չի լինում, և կա բժշկի տեսակետ, որ այն հետագայում կարող է ուռուցք դառնալ, հետևաբար այս դեպքում որոշում է կայացվում այդ ամորձին հեռացնել և թողնել իգական սեռում՝ չնայած երեխան գենետիկորեն տղա է. «Հեռացվում է ամորձին և պլաստիկա է արվում՝ ամեն ինչը իգական է դառնում, որովհետև երեխայի առողջության համար դա է ճիշտ որոշումը լինում»։
Հարցին՝ դուք նշեցիք հոգեբանական սեռ կա, այս դեպքում արդյոք պետք չէ՞ երեխայի հետ աշխատել, որպեսզի վերջինս հարմարավետ զգա իր սեռում, Նաթելլա Կոստանդյանն արձագանքեց. «Եթե կան մտահոգություններ, պետք է դիմել հոգեբանին, որպեսզի նա ոչ թե երեխայի հետ աշխատի՝ համոզելու, որ մնա իր անատոմիական սեռի հետ, այլ պարզի, թե որն է այդ երեխայի խնդիրը։ Օրինակ՝ երեխային նեղացնում են որպես տղա՞, թե՞ ինքն իրեն իսկապես կին է զգում»։
Մասնագետը հավելեց, որ երեխաները 4-5 տարեկանից իրենց գիտակցում են կոնկրետ սեռի մեջ և համապատասխան վարք են ցուցաբերում, իսկ 7-8 տարեկանում սեռական զարգացման առաջին քայլերն են նկատվում. «Այս տարիքում եթե նկատելի է դիսբալանս՝ վարքային խանգարումներ, պետք է դիմել մասնագետներին։ Մի քանի մասնագետ՝ մանկավարժ, մանկաբույժ, էնդոկրինոլոգ, հոգեբան, երբեմն նաև հոգեբույժ պետք է միասին աշխատեն՝ պարզելու համար, թե որն է խնդիրը»։
Նարա Մարտիրոսյան