ՄԻԵԴ բողոք ներկայացնելու արդյունքում Արարատ Խանդոյանը ՀՀ-ից կստանա 4150 եվրո. ՀՀ-ի ներպետական դատարանները խախտել են իմ պաշտպանյալի անձնական և անձեռնմխելիության իրավունքը. Արա Ղարագյոզյան
«Իմ կողմից  Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու արդյունքում Արարատ Խանդոյանը ՀՀ-ից կստանա 4150 եվրո, նրա համար, որ ՀՀ-ի ներպետական դատարանները խախտել են   իմ պաշտպանյալի անձնական և անձեռնմխելիության իրավունքը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները». այս մասին տեղեկանում ենք Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի ֆեյսբուքյան էջից:

Նա նաև նշել է, որ հերթական անգամ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կրում է ֆինանսական կորուստ նրա համար, որ Ա. Խանդոյանին դատարանները կալանավորել են դրա համար հիմքեր չունենալով: 
Պաշտպանը նաև գրել է, որ ՀՀ կառավարությունը, դիմումատուի հետ  հաշտության գալով, փաստացի ստացվում է՝  ընդունել է, որ իր ներպետական դատարանները խախտել են Խանդոյանի՝ ՄԻԵԿ-Ի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:  

Դիմելով ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ պաշտպանը նախարարից պահանջում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով դիմել ԲԴԽ, քանզի վերջինիս գործողության արդյունքում ՀՀ-ն կրկին ֆինանսական կորստի առջև է կանգնել: 

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Նշենք, որ խոսքը 2016-ի հուլիսին Երևանում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքի գրավման օրերին զանգվածային միջոցառումների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին է։

Արարատ Խանդոյանը դատապարտվել էր  3.5 տարվա ազատազրկման, որից երկու տարին ազատազրկման մեջ մնալուց հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։ 

Հիշեցնենք նաև, որ դատական նիստերի ժամանակ ոստիկանները հակասական ցուցմունքներ էին տալիս և չէին կարողանում հիմնավորել, որ Արարատ Խանդոյանն իրենց նկատմամբ բռնություն է  գործադրել, նման դրվագ չնկատվեց նաև դատարանում հետազոտված ապացույցներում։