Արտադրական կանեփի աճեցման ծրագրում հաշվի առնվե՞լ են քրգործից հայտնի դարձած խնդիրները․ գլխավոր դատախազը՝ Տիգրան Ավինյանին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ներկայացնելով նախագիծը՝ հիշեցրեց, որ այս նախագծերի փաթեթի ընդունումը բխում է դեռևս այս տարվա սկզբին ընդունված, կառավարության կողմից հաստատված տնտեսական արձագանքման ծրագրից և գործողությունների պլանից, որով նախատեսվել են մի շարք տնտեսական ծրագրերի իրագործում, այդ թվում՝ գյուղատնտեսական, նոր, բարձր ավելացված արժեք ձևավորող ընտրված մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ձևավորումը, և որի շրջանակներում առաջարկվում է  գյուղատնտեսական նոր մշակաբույսերի արդյունաբերական կանեփի աճեցման և հետագայում վերամշակման նպատակով ապահովել դրանց մշակության գործընթացը և բոլոր կարգավորումները վերաբերում են արտադրական և արդյունաբերական կանեփին։

«Ընդհանուր առմամբ այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և բազմազան ապրանքատեսակներում, ինչպիսիք են օրինակ՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ։ ԵՄ տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ  կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակներում դեռևս 70-ական թվականներից՝ գյուղատնտեսույթան ոլորտը դիվերսիֆիկացնելու նպատակով։ Ներկայումս ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրներում։ Արդյունաբերական կանեփի մշակումը թույլատրված է նաև ՌԴ-ում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, Չինաստանում, Իսրայելում, Կանադայում և այլ երկրներում»,-ասաց Տիգրան Ավինյանը։     

Նա նշեց, որ առաջարկվող կարգավորումներով՝ Հայաստանում թույլատրվում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությունը, մասնավորապես՝ թույլատրվելու է արտադրությունը, այդ թվում՝ մշակությունը և վերամշակումը, թույլատրվելու է ներմուծումը, արտահանումը և մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, և խոսքը միայն մեծածախ առևտրի մասին է գնում, քանի դեռ մենք մեր վերաբերմունքը  չենք արտահայտել ներքին շուկայում տվյալ ապրանքատեսակների հետ կապված։     

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ իրենք անցյալ տարի ունեցան այս բնույթի մի քրեական գործ և գործի քննության ընթացքում բավականին բարդությունների հանդիպեցին։

«Ինձ ուղղակի հետաքրքրում է՝ այդ կարգավորումների ընթացքում նաև քրեական գործից մեր համար հայտնի դարձած պրոբլեմները, նախագիծը մշակողների համար հայտնի եղե՞լ են, այդ շահագրգիռ քննարկումներն իրականացվե՞լ են, հաշվի առնվե՞լ են այդ խնդիրները, թե՞ ոչ»,-հարցրեց Արթուր Դավթյանը։

Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց, որ որոշ մանրամասներ տվյալ  պրոցեսների հետ կապված  տեղյակ եղել են, այս պրոցեսում ներգրավված են եղել Արդարադատության նախարարությունը, բոլոր նախարարություններին ուղարկվել է։

«Մենք կարծում ենք այն խնդիրների մասին, որոնք դուք բարձրաձայնում եք, արդեն ենթաօրենսդրական նախագծերի շրջանակում կանդրադառնանք»,-ասաց Տիգրան Ավինյանը։