Փետրվարի 22-ի առավոտյան Ռուսաստանի մի շարք քաղաքներում ռադիոյով հնչել են «օդային տագնապի» ազդանշաններ, գրում է Baza-ն:
«Ուշադրություն, հայտարարվում է օդային տագնապ։ Բոլորը պետք է անմիջապես պատսպարվեն: Ուշադրություն, ուշադրություն, հրթիռային հարձակման սպառնալիք է». նման հաղորդագրություն է փոխանցվել Relax FM, «Ավտոռադիո», «Հումոր FM», Comedy Radio ռադիոկայաններով։ Այն լսել են Պյատիգորսկի, Տյումենի, Վորոնեժի, Կազանի, Նիժնի Նովգորոդի, Մագնիտոգորսկի, Բելգորոդի, Ստարի Օսկոլի, Ուֆայի, Նովոուրալսկի բնակիչները։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ կոտրել են ռադիոկայանների սերվերները։
«Երկրի որոշ տարածաշրջանների մի շարք կոմերցիոն ռադիոկայանների սերվերների վրա հաքերային հարձակման հետևանքով եթերում տեղեկություն է հնչել իբր օդային տագնապի հայտարարության և հրթիռային հարվածի սպառնալիքի մասին։ Այդ տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Թախանձագին խնդրում ենք հետևել պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։