Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարող է մնալ ԵՀ ղեկավարի պաշտոնում մինչև 2029 թվականը. Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները

Ֆրանսիայում և Գերմանիայում ծայրահեղ աջերի կուսակցությունների հաջողությունները չեն խախտել Եվրախորհրդարանում կենտրոնամետ մեծամասնությունը. այսպիսին են հունիսի 9-ին՝ կիրակի օրը, կայացած համաեվրոպական ընտրությունների արդյունքները։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Այսպիսով, Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարող է մնալ այս պաշտոնում մինչև 2029 թվականը։

«Մենք հաղթեցինք եվրոպական ընտրություններում: Մենք, անկասկած, ամենաուժեղ կուսակցությունն ենք։ Մենք կայունության խարիսխ ենք,- հայտարարել է նա Բրյուսելում Եվրախորհրդարանում հավաքված լրագրողներին, երբ ի հայտ են եկել ընտրությունների նախնական արդյունքները։- Կենտրոնը պահպանվում է»:

Եվրախորհրդարանում նրա աջ կենտրոնամետ խումբը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), ստացել է 720 մանդատներից 191-ը՝ համաձայն ԵՄ բոլոր 27 երկրների պաշտոնական կանխատեսումների: Երկրորդ տեղում սոցիալիստների և դեմոկրատների փոքր-ինչ թուլացած ձախակենտրոն խումբն էր, որը ստացել է 135 մանդատ, հաջորդում է Renew լիբերալ խումբը՝ 83 մանդատով, որը կտրուկ զիջել է դիրքերը։