Պուտինը արդեն անհաջողության է մատնվել. Նա չի հասել և չի կարող հասնել աշխարհի քարտեզի վրայից Ուկրաինան ջնջելու իր նպատակին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարի և Լեհաստանի արտգործնախարարի համատեղ ասուլիսի ժամանակ հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք ԱՄՆ պետքարտուղարը, որ Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում,  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դրական պատասխան է տվել և նշել, որ իրենք լի են վճռականությամբ՝ այս պատերազմում Ուկրաինայի հաղթանակին հասնելու համար:


«Եվ տեսեք, երբ մենք նայում ենք, թե ինչ է տեղի ունեցել վերջին ավելի քան երկու տարիների ընթացքում ռուսական ագրեսիայից հետո, կամ կրկնակի ագրեսիայից, քանի որ այն իրականում սկսվել է 2014 թվականին, մենք նորից ու նորից տեսնում ենք, թե ինչպես է Ուկրաինան հաջողության հասնում՝ չնայած ամեն ինչին: Կիև, Խարկով, Խերսոն, ռուսական նավատորմի դուրսմղում Սև ծովից, թեև Ուկրաինան չունի սեփական նավատորմ, այն, ինչ կատարվում է հիմա Կուրսկում. կրկին ու կրկին ուկրաինացի ժողովուրդը, որին աջակցում է ավելի քան 50 երկրների կոալիցիան, ցուցադրում է, որ ունի կամք, և եթե մենք շարունակենք աջակցել նույն ոգով, իսկ մենք կշարունակենք, դա հաջողության գրավականն է: Այնպես որ, ես կասկած չունեմ այդ առումով»,- հավելել է Բլինքենը:


ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է. «Եթե մենք տեսնենք, թե ինչի էր փորձում ձգտել Պուտինը, նա արդեն անհաջողության է մատնվել, և ինձ մի հավատացեք, այլ հավատացեք նրա խոսքերին. նրա միակ նպատակն էր Ուկրաինան ջնջել աշխարհի քարտեզի վրայից, վերացնել նրա գոյությունը որպես անկախ, ինքնիշխան երկիր և ընդգրկել Ռուսաստանի կազմում՝ ռուսական կայսրությունը վերստեղծելու համար: Դա չի հաջողվել և չի կարող հաջողվել, սակայն շատ կարևոր է, որ մենք շարունակենք աջակցել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել հետ մղել իր դեմ ուղղված ագրեսիան և, ինչպես արդեն ասացի, ոչ միայն դա, այլև շարունակի կառուցել ուժեղ, անկախ երկիր, ավելի ու ավելի ինտեգրված եվրաատլանտյան հանրության ինստիտուտներին՝ ներառյալ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն, ունակ լինի ոտքի կանգնել ռազմական, տնտեսական և ժողովրդավարական առումներով: Ահա թե ինչ հետագծով է նա շարժվում: Սա հաջողություն է Ուկրաինայի համար»: