Նահանջն ավելի վատ հետևանքներ կունենա. ՀՀ ԱԺ-ն պետք է վավերացնի Հռոմի ստատուտը՝ անկախ ՌԴ-ի ավանդական ճնշումն․ 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավագետ Արտաշես Խալաթյանը։

-Պարոն Խալաթյան, ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երևանի հետ բարձր մակարդակի շփումներում քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը, սակայն այդ քննարկումների մանրամասները չի հայտնել։ Հնարավո՞ր է, որ Մոսկվայի ակնհայտ նյարդային արձագանքի ֆոնին, ՀՀ խորհրդարանը չվավերացնի Հռոմի ստատուտը կամ հետաձգի այդ հարցը։

-Դա Հայաստանի կողմից շատ անխոհեմ քայլ կլինի և կունենա շատ ավելի վատ հետևանքներ, քան ընդհանրապես այդ գործընթացը սկսելը։ Նախևառաջ՝ պետք է ընդգծել, որ ստատուտի վավերացումը ՍԵՊԱ-ով նախատեսված Հայաստանի պարտավորություններից է, բայց միաժամանակ ՍԵՊԱ-ով սահմանված չէ այդ պարտավորությունների կատարման խիստ ժամանակացույց։ Եվ եթե կան այնպիսի քաղաքական  խնդիրներ, որոնք հնարավոր չէր հաղթահարել, ապա կարելի էր ընդհանրապես այդ պրոցեսը չսկսել։ Եթե պրոցեսը սկսված է և արդեն հասել ենք մի հանգրվանի, երբ Ազգային ժողովը պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի, ապա հետնահանջը միաժամանակ չի փարատի Ռուսաստանի կասկածները մեր դաշնակցային հավատարմության հետ կապված, մյուս կողմից էլ՝ տարակուսանք կառաջացնի մեր արևմտյան գործընկերների մոտ, քանի որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտն այն կարևորագույն իրավական գործիքներից մեկն է, որով արևմուտքը կարող է մեզ աջակցություն ցուցաբերել։ Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում Հռոմի ստատուտը պետք է անպայմանորեն վավերացվի։

Ինչ վերաբերում է կոնկրետ  այս օրակարգով ռուսական բանակցություններին, ապա չեմ կարող որևէ բան ասել՝ հաշվի առնելով, որ բանակցությունները կրում են փակ բնույթ,  ուստի չեմ կարող որևէ կարծիք հայտնել դրանց  բովանդակության կամ այլ մանրամասների մասին։ Կարող եմ միայն նշել, որ Հռոմի ստատուտի օր առաջ վավերացումը  միանշանակ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և տվյալ պարագայում՝ նաև իմիջային կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

-Երբ Հայաստանը հիմա, հենց այս փուլում մտավ գործընթացի մեջ, ըստ Ձեզ՝ հնարավոր ռիսկերը չէ՞ր հաշվարկել։

-Ես իշխանությունների քայլերին վերաբերում եմ այն կանխավարկածով, որ ամեն ինչ քննարկված է, բոլոր ռիսկերն էլ՝ հաշվի առնված։ Բոլոր դեպքերում պետք է նաև հաշվի առնել, որ այս գործընթացի տապալմամբ շահագրգռ ուժերը կարող են  փորձել պղտոր ջրում ձուկ որսալ և միգուցե իրավիճակը շատ ավելի վերահսկելի է, քան երբեմն թվում է մեդիա տիրույթն ուսումնասիրելիս։

-Այսինքն՝ մամուլում ավելի ուռճացվա՞ծ են այս թեմայի շուրջ քննարկումները։

-Ըստ իս՝ բոլոր դեպքերում  շահագրգիռ բոլոր կողմերի հետ աշխատանք տարվել է, որովհետև դա իսկապես  կարևորագույն իրավաքաղաքական փաստաթուղթ է։

-Ձեր դիտարկմամբ՝ Ռուսաստանն ի՞նչ հնարավոր ճնշումների կարող է դիմել, եթե ՀՀ խորհրդարանը վավերացնի ստատուտը։

-Իհարկե ժամանակից առաջ չանցնեք, բայց  կարող են լինել իր ավանդական ճնշումները՝ գազը, Լարսի անցակետի փակումը կամ թողունակության կրճատումը, ինչը բավականին երկար ժամանակ է կա՝ անկախ Հռոմի ստատուտի թեմայից։ Այդ ճնշումներից էլ նաև  ադրբեջանական սադրանքները, այսինքն՝ ավանդական գործիքակազմը։Ընդ որում՝ այստեղ Ռուսաստանը կարող է շահագրգռված չլինել, որ Ալիևի գլխից մազ պակասի, իսկ դա հնարավոր է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման պարագայում։ Ամբողջ խնդիրն անգամ ոչ թե Վլադիմիր Պուտինի, այլ հենց Ալիևի հետ է կապված, այսինքն՝ որպես Ռուսաստանի համար կարևորագույն գործիք կորցնելու վտանգի հետ։ Հնարավոր է՝ Ռուսաստանի թաքնված մտահոգությունը հենց դա է, այլ ոչ անիմաստ հիփոթեթիկ  հարցը՝ արդյոք Պուտինն այստեղ կարող է ձերբակալվել, թե ոչ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում