Աննա Մկրտչյանի նախկին համայնքապետ հայրն ու եղբայրը կանչվել են դատախազություն

Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Հայկազի Մկրտչյանն ու նրա որդին՝ Հայկ Մկրտչյանը,  սեպտեմբերի 24-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Civic.am-ը  azdarar.am-ում հրապարակված՝  նրանց ուղղված ծանուցագրերից տեղեկացավ, որ նրանց պատկանող գույքերի առնչությամբ դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։


Նշենք, որ Քասախի նախկին համայնքապետին, որը համայնքի կառավարումը ստանձնել էր 1996-ից և պաշտոնավարել է մինչև 2021-ի նոյեմբեր, 2023-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած  (պաշտոնեական պարտականությունները  դադարեցնելու) հայտարարագրում հայտարարագրել  է երեք հողամաս Կոտայքի Նաիրի համայնքում, մեկ անհատական բնակելի տուն և մեկ բնակարան՝ նույն համայնքում, մեկ անհատական բնակելի տուն էլ՝ Երևանում։ Գույքերից երկուսը գնել է, մյուս երկուսը՝ ժառանգություն ստացել, երկուսն էլ ձեռք է բերել այլ եղանակով։ Հիշյալ հայտարարագրում պատգամավորի հայրը նշել է 116 հազար 966 ԱՄՆ դոլար վարկ  (հիպոտեկ)՝  բնակարանի ձեռք բերման համար։ 


Քասախի նախկին ՀՀԿ-ական  համայնքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ 5 դրվագով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ քննության՝ Մկրտչյանը գյուղական գերեզմանոցի 11,6 հա տարածք է օտարել գերեզմանների հետ միասին և այն 2003 թվականին վաճառել 783 հազար դրամով: Իր գործողություններն օրինականացնելու համար նա ավագանու անդամների հետ փոխել է պատկանելությունը, կեղծել փաստաթղթերը, վարձակալության պայմանագիր կնքել, հետո վաճառել այն։


Բացի դրանից, նա նաև տարածքը վաճառել է համայնքին պատկանող արժեքից թանկ՝ կեղծ աճուրդների միջոցով, որոնց մասնակցել են նրա ծանոթները։ 2012-2015 թվականներին նա աճուրդային հանձնաժողովի անդամների հետ միասին վաճառել է մի քանի հողամաս և պետությանը անզգուշությամբ պատճառել է շուրջ 35.4 միլիոն դրամի վնաս։ 


Բացի դրանից, պարտավորվելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը՝ նա բանավոր համաձայնություն է տվել բնակիչներից մեկին՝ սկսել շինարարությունը, ինչպես նաև օգնել կառուցված շենքը վաճառել համայնքի մեկ այլ բնակչի: 2015 թվականին շենքը կառուցվել է, սակայն 2020 թվականին, տեղեկանալով, որ այդ ամենի փաստով քրեական գործ է քննվում, նա որոշում է կայացրել կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչը ձևական բնույթ է կրել։


Նշենք, որ Արա Մկրտչյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրն է։ Մեկ այլ քրեական գործով էլ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,  օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել:


Ըստ իրավապահների՝ Արա Մկրտչյանը, նպատակ ունենալով հնարավորինս բացառել իր ղեկավարած համայնքի բնակիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունները, միաժամանակ` «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար, 2021 թվականի հունիսի 17-ին Քասախ համայնքի վարչական շրջանում գտնվող «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերության տնօրենի հետ միասին կազմակերպել և անցկացրել է ժողով ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց մեծ մասը եղել են Քասախ համայնքի բնակիչներ: 


Արա Մկրտչյանը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված` հիշյալ համայնքի բնակիչների իրավունքների ու պարտականությունների հետ կապված մի շարք կարևոր լիազորություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև շահարկելով դստեր՝ Աննա Մկրտչյանի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը և արտահայտելով իր մերժողական դիրքորոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, նախկին տարիներին որպես համայնքի ղեկավար իր լիազորություններն իրականացնելը ներկայացրել է իբրև համայնքի բնակիչների համար կատարած «լավություն»: Այնուհետև, նշելով, որ ժամանակն է կատարվածի դիմաց պատասխան «լավությունը» ստանալու, Արա Մկրտչյանը գույքին վնաս պատճառելու, այն է՝ տարիներ առաջ արված ասֆալտը քանդելու, այդ կերպ տվյալ համայնքի և ընկերության աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանները վատթարացնելու սպառնալիքով ժողովին ներկա անձանց հարկադրել է դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:


Բացի դրանից, Արա Մկրտչյանը նույն ժողովի ընթացքում Քասախ համայնքի բնակիչներին բարեգործության անվան տակ խոստացել է մատուցել ծառայություններ՝ ԱԺ արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դեմ քվեարկելու և «Պատիվ ունեմ» դաշինքի հաղթանակի դեպքում մրցույթ հայտարարել և ասֆալտապատել «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերության հարակից տարածքն ու այգի կառուցել:


Նշենք,  որ այս երկու գործերն էլ դատարանում են։  


Հ. Մ.