Ադրբեջանը ԱՄՆ այս վարչակազմի օրոք արկածախնդրության չի գնա

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է վերբալ դաշտում էսկալացիայի ֆոն ստեղծել։ Նպատակը Միացյալ Նահանգների ընտրություններից հետո Թրամփի ընտրության դեպքում ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում Հայաստանին լուծումների պարտադրումն է, որոնց Հայաստանը այժմ չի գնում։ Տեղեկատվական դաշտում այս ֆոնը արվում է միջազգային հանրության ականջում լարված իրավիճակի տպավորություն ստեղծելու համար։


Հայաստանը, ըստ նրա, պետք է պատրաստվի ցանկացած իրավիճակի, այդ թվում՝ Թրամփի ընտրությանը։ «Թրամփի պարագայում պետք է գիտակցել, որ քաղաքական այն ճարտարապետությունը, որը ինչ-որ չափով ապահովում էր գոյություն ունեցող ստատուս քվոն, այլևս չի լինելու, և Հայաստանը պետք է պատրաստվի դրան»,- ասաց Արեգ Քոչինյանը։


Մինչև COP29-ը Ադրբեջանի հնարավոր հարձակմանն ու դրան ԱՄՆ արձագանքին անդրադառնալով՝ քաղաքագետն ասաց, որ ներկայիս վարչակազմը բավականին հստակ է եղել իր «կարմիր գծերի» սահմանման մեջ, և Ադրբեջանը այս ադմինիստրացիայի օրոք չի գնա նման արկածախնդրության, որովհետև գիտի, որ Բայդենի վարչակազմը կգնա և՛ տնտեսական, և՛ քաղաքական պատժամիջոցների։


«Հաջորդիվ հնարավոր էսկալացիաները, եթե Հայաստանը կոպիտ սխալներ թույլ չտա, տեղի են ունենալու արդեն միայն Ադրբեջանի կողմից՝ առանց Թուրքիայի մասնակցության, հնարավոր է՝ Ռուսաստանի բավականին լուրջ թողտվությամբ կամ մասնակցությամբ։ Հայաստանը պետք է անի առավելագույնը հասնելու համար գոնե Թուրքիայի նեյտրալիտետին»,- նշեց Քոչինյանը։


Թրամփի ընտրության դեպքում, Քոչինյանի կարծիքով, կաճի նաև ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ուղղվող աջակցությունը։ Բայդենի վարչակազմը միանշանակ կաջակցի Իսրայելին, բայց իր տարածքը պաշտպանելու համար, և հազիվ թե աջակցի Իսրայելին Իրանի դեմ հարձակողական գործողություններում։


«Իսրայելի լայնածավալ հարձակումը Իրանի վրա մեզ համար շատ վատ զարգացում կլինի, որը եթե համադրվի Միացյալ Նահանգներում Թրամփի վարչակարգի գալստյան հետ, ապա բոլորովին կկազմաքանդվի այն ճարտարապետությունը, որը ձևավորվել է 2022 թվականից հետո։ Մենք կվերադառնանք 2022 թվական, երբ Ադրբեջանը ներխուժել էր ՀՀ տարածք, ու չի լինի որևէ այլ ուժ, որը իրատեսորեն կհակակշռի այդ ներխուժմանը։ Այդ պարագայում կա երկու սցենար՝ կա՛մ փորձել լեզու գտնել Ադրբեջանի, գուցե ինչ-որ չափով Թուրքիայի հետ ու կոնսենսուսի գալ, թե այս տարածաշրջանում ինչպես ենք շարունակում միմյանց հետ ապրել, մյուս տարբերակը՝ գնալ և ընդունել այն, ինչ ուզում է Ռուսաստանը»,- եզրափակեց Արեգ Քոչինյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան