ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց հղեց ՀՀ դիվանագետների սոցիալական երաշխիքների, աշխատավարձերի բարձրացման մասին և հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք օրակարգում նման հարց։ Ի պատասխան նախարար Ա. Միրզոյանն ասաց, որ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, և հույս հայտնեց, որ այն կարժանանա ԱԺ պատգամավորների դրական վերաբերմունքին։ «Եթե այդ նախագիծը օրենքի ուժ ստանա, թույլ կտա մի փոքր ավելի արդարացիորեն և համարժեքորեն իրականացնել դիվանագետների փոխհատուցումը»։
Civic.am-ը ԱԺ կայքից տեղեկացավ, որ ԱԺ-ում շրջանառության մեջ
է դրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության
մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելւ մասին
նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։
Նախագծին կից հիմնավորման մեջ մասնավորապես նշված է. «Տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը,
Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ
արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և անհամեմատ
ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Բազմապատկվել են դիվանագետների
աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը:
Դիվանագիտական հարթակներն, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության
անվտանգության ապահովման առաջին «ճակատի»: Միջազգային գործընկերների հետ
հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը հավուր պատշաճի
ներկայացնելու և լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում
կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց ավելի լավ
աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաև ավելի լավ
հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար՝ բարելավելով
դիվանագետների ծառայության վարձատրության պայմանները և բարձրացնելով դիվանագիտական
ծառայության գրավչությունը: Ըստ այդմ, սույն նախագծի ընդունումը պայմանավորված է
առկա գործիքակազմի լավարկման՝ դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող
հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ»։
Հիմնավորման մեջ նշված է նաև, որ դիվանագետներին
դիվանագիտական աստիճանների համար տրվում են հավելավճարներ, որոնք սահմանվում են
դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող
յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի
չափը աճում է 1 տոկոսով: «Ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն
դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և
պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու
համար նախատեսված պահանջներին, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում և
բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Որպես կանոն,
համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել
միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում՝
ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից
(բենեֆիտներից)»,- կարդում ենք հիմնավորման մեջ: Նախագծով առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար
սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս: «Դիվանագետի
յուրաքանչյուր հերթական աստիճանի համար նոր հավելավճարի չափ սահմանելու համար
անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ բացառությունների
շարքում նախատեսելով նաև դիվանագիտական ծառայությունը:
Նախագծի ընդունման արդյունքում արտաքին գործերի
նախարարության համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող
կադրերով, կավելանան ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը,
կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և
կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան»,- նշել են նախագծի հեղինակները։ Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսը տարեկան կազմելու է
1,017,028,037 դրամ:
Հ. Մ.