Մոլդովայում ընտրողների մեծամասնությունը չի քվեարկել նախագահ Մայա Սանդուի օգտին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ
վերաբերում է տիկին Սանդուին, դուք գիտեք, որ նա, որքան հասկանում ենք, իր երկրի
նախագահը չէ, քանի որ բուն երկրում նույնպես բնակչության մեծամասնությունը չի
քվեարկել նրա օգտին։ Եվ խոսքը շատ, շատ պառակտված հասարակության մասին է»,-
մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը կարող է «օբյեկտիվորեն դատել այս ընտրությունների
մասին» Մոլդովայի քաղաքացիների օրինակով, որոնք քվեարկել են Ռուսաստանի
Դաշնությունից։ Այն պատճառով, որ նրանց «հնարավորություն չի տրվել օգտագործել
իրենց ձայնը», ընտրությունների արդյունքները «չի կարելի մաքուր համարել», պնդում է
Պեսկովը։
Նա նշել է, որ այս «ընտրությունները ոչ ժողովրդավարական էին, ոչ արդար»։ ՌԴ
նախագահի մամուլի քարտուղարը քննադատել է Մոլդովայի ներկայիս իշխանություններին:
Նա նրանց մեղադրել է նաև Ռուսաստանի հետ «ցանկացած փոխգործակցությունից հրաժարվելու»,
ինչպես նաև ռուսական լրատվամիջոցների վրա «ճնշում կազմակերպելու» և
հանրապետությունում «տեղեկատվական դաշտը ստերիլիզացնելու» մեջ։ «Ինչն, իհարկե, իր
քաղաքացիների՝ տարբեր տեղեկատվություն ստանալու իրավունքի ուղղակի սահմանափակում
է»,- հավելել է Պեսկովը։
Նա վստահեցնում է, որ Մերձդնեստրի բնակիչները «հակված չեն որևէ կերպ
աջակցելու» Մոլդովայի ներկայիս ղեկավարությանը. «Դա խնդիր է, որը լուրջ ջանքեր է
պահանջում, բայց բացառապես հիմնված կառուցողական մոտեցման վրա, որի դեֆիցիտը մենք
տեսնում ենք հիմա»։