«Բաքվի և Երևանի միջև հապճեպ խաղաղությունը պոտենցիալ էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր կստեղծի». Լավրով

«Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան պսևդոմիջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում խաղաղության պայմանագիր հապճեպ կնքման»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Ողջունում ենք զգալի առաջընթացը, որ ձեռք է բերվել ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի շրջանակներում: Հաշվի առնելով երկար տարիների թշնամանքը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար կարգավորման առաջընթացի հասնելը»,- ասել է ռուս նախարարը։


Այս ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ, նշել է նա։


Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց համապարփակ կերպով հաշվի առնելու Բաքվի և Երևանի դիրքորոշումները, ինչպես նաև «գետնի վրա» իրողությունները, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը՝ լարվածության և հակամարտության պոտենցիալ էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր կստեղծի»:


Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձգտումը՝ դուրս մղել Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները:  


«Կարծում ենք՝ կարևոր է ամրապնդել խաղաղության գործընթացը տարածաշրջանային պարադիգմայում, բարեկամների՝ Հարավային Կովկասի և հարակից գործընկեր պետությունների շրջանակում՝ բացառելով ապակառուցողական միջամտությունը դրսից:  Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելու Վաշինգտոնի և Բրյուսելի ձգտումը միայն մեծացնում է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները»,- ասել է Լավրովը:


Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը պահանջվում է երկու բանակցող կողմերի կողմից: