Ինչ «աշխարհաքաղաքական ռիսկեր» է պարունակում Թրամփի հաղթանակը՝ ըստ աշխարհահռչակ քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի

ԱՄՆ ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ողջ աշխարհի վրա։ DW-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Սթենֆորդի համալսարանի ավագ գիտաշխատող, աշխարհահռչակ քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման։


Նրա խոսքով՝ ընտրողները քվեարկում են արձագանքելով «կարճաժամկետ խնդիրներին», այդ թվում՝ ինֆլյացիային,  նրանց չեն հուզում «երկարաժամկետ, շատ ավելի կարևոր խնդիրները, այնպիսիք, ինչպիսին է Միացյալ Նահանգներում օրենքի գերակայության պահպանումը»:


Սպիտակ տուն Թրամփի վերադարձի դեպքում հետևանքները շատ վատ նախադեպ կստեղծեն ամբողջ Եվրոպայի համար, կարծում է Ֆուկույաման՝ նկատի ունենալով աջ պոպուլիստների հետագա ամրապնդումը Եվրամիությունում։


Ֆուկույաման հայտարարել է, որ կան նաև այլ «աշխարհաքաղաքական ռիսկեր», որոնց փուլն ենք «մենք հիմա մտնում»։ Խոսքը «Ուկրաինայի հաշվին Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի» հնարավորության մասին է։ Բացի դրանից, վստահություն չկա, որ Վաշինգտոնը Հարավարևելյան Ասիայում կցանկանա պաշտպանել իր դաշնակիցներին Չինաստանից, զգուշացրել է փորձագետը։

 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10-ին, Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման ժամանակ Ֆուկույաման նշել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի արդյունքները որոշիչ կլինեն ոչ միայն հարևան երկրների և տարածաշրջանի համար. «Կախված այս պատերազմի ելքից՝ շատ բան կարող է փոխվել այլ երկրներում: Վրաստան, Մոլդովա և Ղազախստան. այս երկրներից յուրաքանչյուրն անմիջապես ազդեցություն կկրի, եթե Ռուսաստանը հաղթի, դիմադրի և կարողանա պահպանել գրաված ուկրաինական տարածքները»: