«Դա անհնար է». Կրեմլը՝ «24 ժամում պատերազմն ավարտելու» վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը մեկ գիշերում անհնար է ավարտել։ Ճեպազրույցում նա նշել է, որ «Մոսկվան ուշադիր հետևում է Վաշինգտոնից ստացվող տեղեկատվությանը և վերլուծում է ԱՄՆ գործողությունները, սակայն եզրակացություններ կանի կոնկրետ քայլերի հիման վրա»։


ԱՄՆ նախագահական ընտրությունների փաստացի հաղթող Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատերազմը կավարտի «24 ժամում»։


Պեսկովի խոսքով՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է հայտնել իր պատրաստակամությունը  երկխոսությանը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն, նրա կարծիքով, հակառակ դիրքորոշումն է գրավում՝ շարունակելով թեժացնել հակամարտությունը»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը կարող է առանցքային դեր խաղալ դրա լուծման գործում, սակայն որոշիչ պահը կլինի հունվարին, երբ հայտնի կդառնա՝ կփոխվի՞ արդյոք նրա քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ։


Բացի դրանից, Պեսկովը հերքել է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները՝ նման պնդումներն անվանելով «անհիմն»։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետագա հարաբերություններին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «երկրների հարաբերություններն արդեն հասել են իրենց հատակին, և դրանք վատթարացնելը գործնականում անհնար է»։


Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի հետագա քաղաքականությանը, Պեսկովը նշել է, որ այս հարցում ցանկացած հիպոթեզ այս պահին վաղաժամ է։