Բայդենը Ուկրաինային կփոխանցի 6 մլրդ դոլարի օգնության վերջին փաթեթը՝ մինչ Թրամփի երդմնակալությունը


 

ԱՄՆ գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է Ուկրաինային տրամադրել ավելի քան 6 միլիարդ դոլարի օգնության վերջին փաթեթը՝ նախքան հանրապետական ​​Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, գրում է Politico-ն։


Ինչպես պարբերականին հայտնել են վարչակազմի երկու անանուն աղբյուրներ, դա միակ տարբերակն է, որ դեմոկրատներն կարող են անել Ուկրաինայի համար։


Սակայն նախագահի կարգադրության ստորագրումը բավարար չէ. օգնության փաթեթի հաստատումից հետո այն Ուկրաինա հասցնելու համար սովորաբար ամիսներ են պահանջվում, գրում է Politico-ն։ Ռազմական պահեստներից Պենտագոնը կարող է փոխանցել միայն այն, ինչ ֆիզիկապես առկա է։ Բյուջեն նախատեսում է այդ պաշարները համալրելու պատվերներ, բայց քանի դեռ այդ պատվերները չեն կատարվել, նոր մատակարարումները կարող են հետաձգվել:


Նոր նախագահն իրավունք ունի դադարեցնել մատակարարումները, եթե դրանք դեռ չեն իրականացվել, իսկ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ թերահավատորեն է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ։


Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ փոխգնդապետ Չարլի Դիտցը Politico-ին հայտնել է, որ Պենտագոնը պատրաստ է շարունակել Ուկրաինային տրամադրել հավանության արժանացած ամբողջ օգնությունը և ակնկալում է, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի օգնության նոր փաթեթների մասին: