ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հրապարակել է հայտարարություն, որում հիացմունք և հպարտություն է հայտնել իր փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ՝ նրան անվանելով «հիանալի գործընկեր և պետական ծառայող՝ լի ազնվությամբ, քաջությամբ և խառնվածքով», գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Նա հանդես եկավ արտակարգ հանգամանքներում և առաջնորդեց պատմական արշավ, որը մարմնավորում էր այն, ինչ հնարավոր է՝ առաջնորդվելով ուժեղ բարոյական մղումով և երկրի հստակ տեսլականով, այն է՝ ազատ, արդար և լի մեծ հնարավորություններով բոլոր ամերիկացիների համար»,- ասել է Բայդենը:
Նա հիշեցրել է, որ Քամալային որպես փոխնախագահ ընտրելը «առաջին որոշումն էր, որը նա կայացրեց, երբ 2020 թվականին դարձավ նախագահի պաշտոնում թեկնածու»։
Ջո Բայդենը վստահ է, որ ապագայում ևս Քամալա Հարիսը «կշարունակի պայքարել նպատակասլացությամբ, վճռականորեն և ուրախությամբ, կշարունակի լինել այն առաջնորդը, որին ամերիկացի երեխաները սերնդեսերունդ կուզեն հավասարվել»:
Անցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածվել նաև Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից։
Դրանում ասված է. «Քանի որ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է նախագահ Դոնալդ Ջ.
Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ, և հրավիրել է նրան Սպիտակ
տուն՝ ապահովելու համար ներկայիս վարչակազմի և նոր վարչակազմի միջև սահուն անցումը,
նախագահ Թրամփը անհամբերությամբ սպասում է այդ հանդիպմանը և հույս ունի, որ այն կկայանա
մոտ ժամանակներում։ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել այդ զանգը»: