Ուկրաինան աշխարհում գլխավոր պարտվող երկիրն է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին վերադառնալու պատճառով։ The Financial Times-ի սյունակում այս մասին գրել է աշխարհահռչակ քաղաքագետ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին Թրամփի վերադարձից հետո ԱՄՆ արտաքին
քաղաքականության մեջ, ինչպես նաև աշխարհում միջազգային իրավակարգի կանոններում տեղի
կունենան շատ կարևոր փոփոխություններ։
«Ուկրաինան, անխոս, ամենից շատ է պարտվել։ Ռուսաստանի հետ նրա ռազմական
առճակատումը թուլացել էր նույնիսկ (ԱՄՆ) ընտրություններից առաջ։ Եվ հիմա Թրամփը
կարող է ստիպել նրան համաձայնել Ռուսաստանի պայմաններին՝ հրաժարվելով զենքի
մատակարարումից»,- գրել է նա։
Ֆուկույաման ևս մեկ սպառնալիք է համարել ՆԱՏՕ-ին ուղղված մարտահրավերները՝
հիշեցնելով, որ Թրամփը մասնավոր կերպով սպառնացել է դուրս գալ դաշինքից։ «Բայց եթե
նույնիսկ դա չանի, նա կարող է լրջորեն թուլացնել Հյուսիսատլանտյան դաշինքը՝
չկատարելով փոխադարձ պաշտպանության երաշխիքների մասին պայմանները 5-րդ հոդվածով»,-
գրել է նա։
Ֆուկույամայի կարծիքով՝ այժմ Եվրոպայում չկան «չեմպիոններ», որոնք կարող են
զբաղեցնել ԱՄՆ-ի տեղը որպես ՆԱՏՕ-ի առաջնորդ։ «Հետևաբար Ռուսաստանին և Չինաստանին
ապագայում դիմակայելու նրա կարողությունը լուրջ կասկած է առաջացնում»,- գրել է
Ֆուկույաման։