«ՌԴ-ն պատրաստ է հավելյալ մեսիջներ ուղարկել Արևմուտքին՝ «Օրեշնիկից» հետո անհրաժեշտ եզրակացություններ չանելու դեպքում». Լավրովը հարցազրույց է տվել Կառլսոնին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է լրացուցիչ «մեսիջներ» ուղարկել Արևմուտքին, եթե նրանք անհրաժեշտ եզրակացություններ չանեն «Օրեշնիկի» արձակումից հետո, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։


Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, «Օրեշնիկի» արձակման ուղերձն այն էր, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, որոնք հեռահար զենք են մատակարարում Ուկրաինային, հասկանան, որ Մոսկվան պատրաստ կլինի օգտագործել ցանկացած միջոց, որպեսզի Արևմուտքին թույլ չտա հաջողության հասնել ՌԴ-ին «ռազմավարական պարտության» հասցնելու հարցում:


«Ուղերձը, որը մենք ցանկանում էինք փոխանցել՝ փորձարկելով այդ հիպերձայնային համակարգը իրական պայմաններում, այն էր, որ մենք պատրաստ կլինենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու մեր օրինական շահերը»,- ասել է Լավրովը։


ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կցանկանար խուսափել թերըմբռնումից։


«Բայց քանի որ Լոնդոնում և Բրյուսելում որոշ անհատներ, երևում է, ամբողջովին ճիշտ չեն գնահատում իրավիճակը, մենք պատրաստ ենք լրացուցիչ «մեսիջներ» ուղարկել, եթե նրանք անհրաժեշտ եզրակացություններ չանեն»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։