«Հայկական կարուսել» արտահայտությունը որևէ էթնիկ ենթատեքստ չուներ. Զուրաբիշվիլին՝ հայերին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում պարզաբանել է իր խոսքը, որ հնչեցրել է խորհրդարանական ընտրություններից հետո դրանց կեղծման մասին։ Այդ ժամանակ Associated Press-ի հետ զրույցում նա հայտարարել էր «հայկական կարուսել» օգտագործելու մասին, ինչը սկանդալ է առաջացրել։


«Ուզում եմ ասել ծագումով հայ (Վրաստանի քաղաքացիներին) և հայերին (հարևան երկրում), որտեղ նույնպես գործում է ակտիվ ռուսական քարոզչություն։ Այդ «հայկական կարուսելը» որևէ էթնիկ ենթատեքստ չուներ»,- նշել է Զուրաբիշվիլին։


Վրաստանի նախագահի խոսքով՝ ինքն առաջին անգամ լսել է այդ տերմինը, երբ Էդուարդ Շևարդնաձեի օրոք վերադարձել է Վրաստան։ Կեղծիքի նույն մեթոդը, նրա խոսքով, օգտագործվել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։

«Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»: Սրա մեջ ընդհանրապես էթնիկ նշան չկա»,- հավելել է նա: