Մոնումենտում Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի հարևանությամբ տուն կառուցելիս բախվե՞լ եք կոռուպցիոն խոչընդոտների. Ավինյանը՝ Մարությանին

«Եթե վերջին այս էժանագին զեղումը չլիներ, ես մտածում էի այս տեսակի թեմաներին չանդրադառնալ»,- ի պատասխան Հայկ Մարությանի հայտարարության, թե Տիգրան Ավինյանը կոռուպցիոն աստղ է, Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Նա նշեց, որ իր հայրը և իր ընտանիքի որևէ անդամ որևէ պաշտոն չեն զբաղեցրել. «2013-14թթ.-ներին ես ուսանել եմ Լոնդոնում և ուսման իմ վարձը, իմ ապուստի գումարները փակել է իմ ընտանիքը: Հորս հորդորել եմ, որ ձեր սիրելի «ՍիվիլՆեթի» սուտ հոդվածի առնչությամբ դատական հայց ներկայացնի, որովհետև, կներեք, մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց, որոշները, ոչ բոլորը»:


Դիմելով Հայկ Մարությանին՝ Ավինյանն ասաց. «Էդ դեպքում ես ձեզ հարց ունեմ. եթե ասում եք, որ կա կոռուպցիա, ուզում եմ ձեզ հարց տալ՝ Մոնումենտում Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի հարևանությամբ գնացել տուն եք կառուցել, չնայած ողջունելի է, որ ձեր կապիտալով վերադառնում եք հայրենիք՝ նշանակում է մենք ամեն ինչ ճիշտ ենք անում. նախորդ սեփականատերը ոնց որ դուք չէիք, անվանափոխություն տեղի ունեցավ. այդ մարդը որևէ կոռուպցիոն խոչընդոտի  բախվե՞լ էր, թե՞ ոչ: Ես ձեզ վստահորեն ասում եմ, որ չէր բախվել»:


Ավինյանն ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիայի դեմ շատ կոնկրետ պայքար է ընթացել այս ընթացքում:


«Պարոն Մարությանն այս ամբողջ գործընթացն իրականացնում է մի պարզ պատճառով՝ 2026-ին ուզում է գնալ Ազգային ժողով»,- ամփոփեց Տիգրան Ավինյանը: