ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ ԱՄՆ-ը կվերականգնի Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը, որը Միացյալ Նահանգները Պանամային է փոխանցել 1999 թվականին։ Այս մասին Թրամփը հայտարարել է՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 22-ին Արիզոնայի Ֆենիքս քաղաքում անցկացվող AmericaFest 2024-ին, գրում է Reuters-ը։
«Եթե (Միացյալ Նահանգների կողմից) այս մեծահոգի նվերի ինչպես բարոյական, այնպես
էլ իրավական սկզբունքներին չհետևեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը
վերադարձվի մեզ՝ ամբողջությամբ, արագ և առանց հարցերի», - ասել է Թրամփը
կողմնակիցներին:
Թրամփը հայտարարել
է, որ Պանաման չափազանց բարձր տարիֆներ է
սահմանել ջրանցքի օգտագործման համար, և Չինաստանն իր ազդեցությունն է ցուցաբերում դրա աշխատանքի ռեժիմի վրա։ Թրամփը խոստացել է թույլ չտալ, որ ջրանցքը հայտնվի «օտար ձեռքերում»։
Ինչպես նշում է Reuters-ը, Չինաստանը չի վերահսկում և չի
կառավարում ջրանցքը, սակայն Հոնկոնգի CK Hutchison Holdings-ի դուստր
ձեռնարկությունը կառավարում է ջրանցքի մուտքերի մոտ գտնվող երկու նավահանգիստներ:
Միջոցառումից հետո Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական
ցանցում հրապարակել է Պանամայի ջրանցքի լուսանկարը. ջրանցքի վրա ծածանվում էր ամերիկյան
դրոշը։
Թրամփի ելույթից հետո Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն
X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որում ասել է, որ Պանամայի
անկախությունը քննարկման ենթակա չէ, իսկ Չինաստանը ոչ մի կերպ չի ազդում ջրանցքի
կառավարման վրա։ Պանամայի նախագահը հանդես է եկել հօգուտ ջրանցքով անցնելու համար
սահմանված տարիֆների։
«Պանամայի ջրանցքի և հարակից տարածքի յուրաքանչյուր
քառակուսի մետրը պատկանում է Պանամային և կշարունակի պատկանել այսուհետև ևս»,- ասել
է Մուլինոն: Ի պատասխան, ինչպես գրում է Reuters-ը, Թրամփը հայտարարել է. «Մենք դա
դեռ կտեսնենք»։