Սիրիայում ռուսական զորախմբին բեռներ փոխադրող ռուսական նավը Միջերկրական ծովում խորտակվել է

Ռուսական Ursa Major առևտրային նավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ Իսպանիայի և Ալժիրի միջև գտնվող միջազգային ջրերում: Այս մասին հայտնել են իսպանական La Verdad և El Español պարբերականները։


Պարբերականների տեղեկություններով՝ դեկտեմբերի 23-ի կեսօրին նավի վրա պայթյուն է տեղի ունեցել մեքենայական բաժնում։ Դրանից հետո նավը աղետի ազդանշան է տվել։ Փրկարարական գործողությունը, որին մասնակցում էին մի քանի նավեր, ղեկավարում էր ռուսական ռազմանավը։


Անձնակազմի երկու անդամներ անհետ կորել են, անձնակազմի 14 անդամները փրկվել են և տեղափոխվել Կարտախենա նավահանգիստ։


Ursa Major-ի նավապետը հայտնել է, որ նավով տեղափոխում էին կոնտեյներներ, որոնք խորտակման պահին դատարկ էին։ Նավը Սանկտ Պետերբուրգի նավահանգստից դուրս է եկել դեկտեմբերի 11-ին և ուղևորվում էր Վլադիվոստոկ, որտեղ նախատեսվում էր ժամանել հունվարի 22-ին։


Ինչպես գրում է «Մեդիազոնա»-ն, բեռնանավը երկար տարիներ բեռներ է փոխադրել Սիրիայում ռուսական զորախմբին մատակարարելու համար։