Հանրությունն ամեն ինչ գիտի ու իր գնահատականը տվել է նախկին երեք նախագահներին՝ ընտրելով Փաշինյանին

Ինչո՞ւ վարչապետի կողմից նախկին նախագահներին եղավ բանավեճի հրավեր, և ի՞նչ օգուտ այն կարող էր տալ։ Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ հանրությունը մեկ անգամ ևս, այո՛, կարող էր համոզվել, որ բանակցությունները, ըստ էության, 1994 թվականից հետո եղել են ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու շուրջ։ «Կարծում եմ՝ վարչապետը մի քիչ կոշտ էր ձևակերպել. այդպես ուղիղ չի եղել, որ ԼՂ-ն վերադարձնենք Ադրբեջանի կազմ, բայց տրամաբանությունը և այն հանգամանքը, որ ոչ մի գերտերություն ցանկություն կամ ակնարկ անգամ չի արել, որ երբևէ կճանաչի Արցախի անկախությունը, քանի դեռ Ադրբեջանը չի արել դա, ստացվում է, որ բանակցային գործընթացն, ըստ էության, եղել է այն մասին, թե հարակից տարածքները հայկական կողմը երբ է վերադարձնելու Ադրբեջանին՝ դրա դիմաց էլ ԼՂԻՄ-ը ինչ-որ ավտոնոմիա է ստանում Ադրբեջանի կազմում»,- ասաց Հրայր Մանուկյանն ու նկատեց, որ հանրությունը սա արդեն գիտի։ 2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար, մանրամասնությամբ ներկայացրել է բանակցային գործընթացը, նրան արձագանքել են ընդդիմադիր ուժերը, հանրությունը այդ ամենը տեսել է և համոզվել, որ, այո՛, հենց այդպես էլ եղել է։


«Բանավեճի կայանալու դեպքում հանրությունն իմանալու էր այն, ինչ Փաշինյանը գրել էր, բայց հանրությունն այդ մասին գիտի և, իմանալով հանդերձ, 2020 թվականից հետո պարբերաբար ընտրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Դա երևաց ինչպես 2021 թվականի ընտրություններին, այնպես էլ 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին, բայց հատկապես երևաց ընդդիմության գեներացրած այն գործընթացներին չմասնակցելով, որ իրենք Ղարաբաղի հարցը ամեն անգամ օգտագործելով փորձում էին հանրահավաքային ինչ-որ շարժում գեներացնել ու ձախողում էին։ Սա ցույց է տալիս, որ հանրությունը գիտի, ընդունել է կողմերի փաստարկները ու որոշում կայացրել»,- ասաց քաղաքագետը։


Երկրորդ օգուտը կարող էր լինել այն, որ մերժելու դեպքում հանրությունը կտեսներ, որ երեք նախագահները դեմոկրատական արժեքներ չեն կրում, իսկ եթե գալիս են բանավեճի՝ ջախջախվում են։ «Բայց հանրությունը այս փաստերն էլ գիտի։ Հանրությունը իր գնահատականը վաղուց տվել է նախկին երեք նախագահներին»,- նկատեց Մանուկյանը։ 


Անդրադառնալով կարգավորման բոլոր տարբերակները հրապարակելու կոչերին՝ Մանուկյանն ասաց, որ իշխանությունը կարող է գնահատել, տեսնել, թե այդ փաստաթղթերը հրապարակելու դեպքում կարո՞ղ է լինել թեկուզ չնչին ռիսկ, որ հրապարակումը կարող է վնասել խաղաղության ընթացիկ գործընթացին։ Եթե հարյուր տոկոս վստահություն կա, որ չի վնասի, թող հրապարակվի։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան