Մեր ելակետը 2018-ի հեղափոխությունն է, որտեղ քաղաքացին ասել է՝ այս երկրի տերը ես եմ

Բանավեճի գնալու նպատակն է՝ քո կողմ քաշես հանրային կարծիք և էլեկտորատ, իսկ չգնալը մի քանի բացատրություն կարող է ունենալ՝ մեկը, եթե ֆիզիկապես չես կարող մասնակցել, երկրորդը՝ երբ դիմացինդ պատշաճ կարգավիճակ չունի, օրինակ՝ դու պետության ղեկավարն ես, իսկ դիմացինդ ավելի ցածր կարգավիճակ ունի, և երրորդը՝ եթե համարում ես, որ այդ բանավեճը պարտվելու ես։ Անդրադառնալով վարչապետի՝ նախկին նախագահներին ուղղված բանավեճի հրավերին ու վերջիններիս մերժմանը՝ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։     


Տվյալ դեպքում, ըստ Իոաննիսյանի, ստացվում է, որ նախկին նախագահները կարծել են, որ չեն կարողանալու կողքից դիտող քաղաքացիների կարծիքը թեքել իրենց կողմը։  


Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ոստիկանական բարեփոխումներին՝ Իոաննիսյանն ասաց, որ առաջին դեպքում, ըստ էության, առաջընթաց չկա։ Հույս կա, որ կլինի, քանի որ նշանակվել է նոր նախարար, որն այդպիսի հույսեր է առաջացնում։ Նույնը, մեծ հաշվով, կարելի է ասել ՆԳՆ-ի մասով։ «Լավ նորությունն այն է, որ ունենք նախարար, որ կարող է այդ պրոգրեսն ապահովել,- ասաց Իոաննիսյանն ու հավելեց,- մեր ցանկացածը խորքային փոփոխություններն են։ Մեր ելակետը, այդուհանդերձ, 2018 թվականի հեղափոխությունն է, որտեղ քաղաքացին ասել է՝ այս երկրի տերը ես եմ։ Եվ երբ քաղաքացին ասում է՝ այս երկրի տերը ես եմ, դա իր հետևից բերում է ֆունդամենտալ փոփոխություններ»։


2024-ին, ըստ Իոաննիսյանի, որոշակի արտաքին քաղաքական հաջողություններ ունեցանք։ Սահմանազատման պատմությունը, ամեն դեպքում, հաջողության պատմություն էր։ Նա դրական քայլ համարեց նաև ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից և Իրանի անցակետից հեռացնելը, միաժամանակ նշեց. «Ես երևի թե այդքան էլ կողմնակից չեմ ռադիկալ քայլերի՝ առավել ևս, հաշվի առնելով շատ մեծ անորոշությունը, որը կա Թրամփի ընտրության ֆոնին, Դագեստանի հնարավոր զարգացումների կամ դրանց բացակայության ֆոնին...  մի քիչ անորոշությունները շատ են, ու մեծ ռիսկերի գնալը վստահ չեմ, որ ճիշտ կլիներ»։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան