Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված բանավեճի առաջարկը, ինչպես հայտնի է, մերժվեց նախկին նախագահների կողմից։ Ռիսկի, գուցե՝ տղամարդկայնության կամ էլ այլ բանի պակասը կամ ավելցուկը խանգարեց նախկին նախագահներին ընդունել մարտահրավերը, գնալ բանավեճի տաղավար ու մի լավ ու վերջնական «ջարդ տալ» Փաշինյանին՝ ապացուցելով հայ ժողովրդին, որ իրենք ոչ թե Ղարաբաղը «թղթերով ծախողներն են», այլ «պահածները»։
Ի դեպ, նախկին նախագահները, ինչպես
գիտենք, տարիներ շարունակ միմյանց «սիրում» են ատելության հասնող սիրով, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը,
ինչու չէ՝ նաև Սերժ Սարգսյանն ու նրա «սիամական երկվորյակը»։ (Գուցե սիրո այս կերպն
է նաև խանգարել, որ օրգանապես միմյանց տանել չկարողացող այս սուբյեկտները համաձայնեն
գտնվել միևնույն վայրում, այն էլ՝ իրենց երեքի «սիրո» մարմնացում Փաշինյանին դեմ հանդիման)։
Թեև, ինչպես գիտենք, առաջին նախագահը երկրորդին ու երրորդին առաջարկում էր դաշինք կազմել
2021-ին ու «ազգակործան պատուհասին գրողի ծոցն ուղարկել»՝ նրան զրկելով վերընտրվելու
շանսից։ Առաջարկը, սակայն, երկրորդի և երրորդի
կողմից ուղարկվեց... գրողի ծոցը։ Փաստորեն, առաջին նախագահը երկրորդին ու երրորդին
ներել էր «Մարտի 1»-ի ողբերգությունը, որով կանխվեց իր՝ ՀՀ նախագահ ընտրվելն ու ԼՂ
հարցը իր իմացած ձևով ու շուտափույթ լուծելը։
Ինչևէ։
Ու քանի որ Փաշինյանը ԼՂ խնդրով
բանակցությունների թեման բացել է, երեք նախագահներով էլ վրա են տվել, թե՝ «Նիկոլ, քո
հետ բանավիճելու չունենք, մեր օրոք ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու «թեմա» չի եղել»:
Հիշեցնենք Ռոբերտ Քոչարյանի մտքի արգասիքներից մեկը։ Նա, ի դեպ, 2008-ի փետրվարի
29-ին, «Մարտի 1»-ի ողբերգությունից մեկ օր առաջ, ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ
ազդարարել էր. «Լեռնային Ղարաբաղի
բանակցային գործընթացում մինչև 1998թ.-ը բոլոր պաշտոնական առաջարկները ենթադրել են
Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: 1998թ.-ից հետո նման պաշտոնական առաջարկ չի ստացվել: Դա
ամենից լուրջ ձեռքբերումն է»։
Հետաքրքիր է հետին թվով իմանալ
Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը իր կողմից ՀՀ բերված և «հայ ժողովրդի վզին փաթաթած» Քոչարյան Ռոբերտի այս խոսքերի մասին։ Սա էլ հո Նիկոլ Փաշինյա՞նը չի ասել, ասել, «պեչատել»
է «անզիջումը»։
Հ. Մ.