Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Սարիկ Մինասյան

Գյումրիում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը սոցցանցերի իր էջերում գրառմամբ արձանագրել է, որ այս պահին ունեցած տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար:


«Երեկ՝ 23:00-ից սկսած, իրականացվել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:


Պետք է արձանագրեմ, որ այս պահին ունեցած տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով և մեզ համար գոհացուցիչ արդյունքով իրականացնելու համար:


Գյումրու կոմունալ ծառայությունն ունի ձյուն մաքրող ընդամենը 4 հատուկ տեխնիկա, ևս 3-ի միջոցով էլ փողոցները մշակվում են աղի և ավազի խառնուրդով:


Ներկայումս Կառավարության հետ տարվում են աշխատանքներ Գյումրու կոմունալ ծառայության տեխնիկական վերազինման ուղղությամբ»,- գրել է նա:


Մեկ այլ հրապարակմամբ Սարիկ Մինասյանը տեղեկացրել է, որ Գյումրու գլխավոր փողոցներն արդեն մաքրված են ձնածածկույթից, և որ զուգահեռաբար աղի և ավազի խառնուրդով մշակվում են երկրորդական փողոցներն ու մայթերը: