Ռուս զինվորականներին կբաժանվեն խաչով շղթաներ Պուտինի անվան սկզբնատառերով

Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իր անվան սկզբնատառերը փորագրել խաչերով շղթաների վրա, որոնք կբաժանվեն Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցող ռուս զինվորականներին։


 Պուտինը հունվարի լույս 7-ի գիշերը մասնակցել է Պոկլոննայա բլրի եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագին, որից հետո գնացել է Քրիստոս Փրկչի տաճար։ Այնտեղ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը պետության ղեկավարի խնդրանքով և նրա ներկայությամբ օրհնել է խաչեր և սրբապատկերներ զինվորականների համար, հայտնում են ռուսական գործակալությունները։ ՌԴ նախագահը պատրիարքին ասել է, որ հավատքի խորհրդանշանները կփոխանցվեն զորախմբերի հրամանատարներին։


Պուտինը Սուրբ ծնունդը դիմավորել է ռուս ընտանիքների հետ, որոնց թվում, մասնավորապես, եղել են «հատուկ ռազմական գործողության» (Ռուսաստանի իշխանություններն այդպես են անվանում Ուկրաինա լայնածավալ ներխուժումը) մասնակիցներ, ինչպես նաև կամավորականներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: