Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի բարելավման հույսի որևէ նշան չկա. մարդու իրավունքների համակարգային լուրջ խախտումները պետք է խստորեն դատապարտվեն: Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես նշված է.
▪Իրավապաշտպանների և այլ անձանց, որոնք քննադատում են իշխանություններին, կամայական և քաղաքական դրդապատճառներով կալանավորում են:
▪Ձերբակալված իրավապաշտպանները,
լրագրողները, խաղաղ ցուցարարները, քաղաքական և այլ ակտիվիստները պահվում են
այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային
չափանիշներին, նրանց հաճախ զրկում են ընտանիքի անդամների, փաստաբանների և
համապատասխան բժշկական օգնության հասանելիությունից: Բացի դրանից, հետապնդումների
են ենթարկվում նաև իշխանություններին քննադատող հարազատներն ու ընտանիքի
անդամները։
▪Ադրբեջանի անկախ ձայները բացակայում էին Բաքվում
անցկացված COP29-ին։ Այն քչերը, որոնց տրվել էր պաշտոնական մուտք COP29-ին,
Amnesty International-ին հայտնել են, որ վախենում էին ելույթ ունենալ համաժողովի
անցկացման վայրում՝ վախենալով ռեպրեսիաներից:
▪Կալանավայրերում խոշտանգումները և դաժան
վերաբերմունքի այլ տեսակները տարածված են Ադրբեջանում և անպատժելիորեն
իրականացվում են ոստիկանության և քննչական մարմինների կողմից, իսկ մեղավորները
գրեթե երբեք չեն ենթարկվում պատասխանատվության: Չկա բողոքների փոխանցման անկախ
մեխանիզմ, ինչպես նաև չկա արդարադատության և արդյունավետ իրավական պաշտպանության
միջոցների հասանելիություն զոհերի համար:
▪Ադրբեջանում արդեն ավելի քան մեկ
տասնամյակ փաստացի արգելված են խաղաղ ցույցերը: Ընդդիմադիր խմբերը, ակտիվիստները և
նրանք, ովքեր քննադատում են իշխանություններին՝ ներառյալ բնապահպանական խմբերը, զրկված
են խաղաղ հավաքների և իրենց մտահոգությունները արտահայտելու հնարավորությունից։
▪Ադրբեջանի իշխանությունները պատրվակ են
ստեղծել կամայականորեն կալանավորելու և հետապնդելու իրենց քննադատներին ենթադրյալ
ֆինանսական խախտումների համար, որոնք, ըստ իշխանությունների, հավասարազոր են հափշտակումներին,
հարկերը վճարելուց խուսափումներին կամ անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը:
Մյուս կողմից, կառավարության կողմից կազմակերպված ՀԿ-ները ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից
և փորձում են դուրս մղել կամ փոխարինել քաղաքացիական հասարակության իրական
կազմակերպություններին: