«Եթե ինչ-որ մեկը դժգոհի Մասկից, մենք նրան դուրս կշպրտենք». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ անցկացրել է նախարարների կաբինետի առաջին նիստը։ Նիստին ներկա է եղել Իլոն Մասկը. նա կաբինետի անդամ չէ։ Թրամփը նիստի ժամանակ հայտարարել է, որ «դուրս կշպրտի» իր կաբինետից նրանց, ովքեր կդժգոհեն պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկից, եթե այդպիսիք գտնվեն։ Այս մասին հայտնում է CNN-ը։


«Ամենակարևոր նախաձեռնություններից մեկը DOGE-ն է, մենք կրճատել ենք միլիարդավոր, միլիարդավոր և միլիարդավոր դոլարներ: Մենք ձգտում ենք (այս կրճատումները) հասցնել, հնարավոր է, տրիլիոն դոլարի: Եթե ​​մեզ հաջողվի դա անել, մենք կմոտենանք այն պահին, երբ կկարողանանք մտածել բյուջեի հավասարակշռության մասին»,- հայտարարել է Թրամփը։  


«Ինչ-որ մեկը դժգո՞հ է Իլոնից: Եթե ​​այո, ապա մենք նրանց դուրս կշպրտենք այստեղից»,- ասել է Թրամփը։ Ինչպես նշում է CNN-ը, նրա խոսքերն արժանացել են նախարարների ծափահարություններին։


Այնուհետ Թրամփը նշել է, որ իր կաբինետի անդամները «շատ են հարգում Իլոնին և այն ամենը, ինչ նա անում է», թեև նրանցից ոմանք «մի քիչ համաձայն չեն»: «Բայց ես ձեզ կասեմ, որ մեծ մասամբ բոլորը ոչ միայն երջանիկ են, այլև հիացած»,- վստահեցրել է ԱՄՆ նախագահը։