ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան հանդիպման վերաբերյալ։
Ինչպես արդեն հայտնի է, հանդիպումը նվիրված էր դիվանագիտական առաքելությունների աշխատանքին վերաբերող հարցերին: Մի քանի ժամ տևած բանակցությունների ավարտից հետո մասնակիցները ոչ մի հայտարարություն չեն արել։ Անգամ պատվիրակությունների կազմը չի հրապարակվել։
ԱՄՆ
Պետդեպարտամենտի մեկնաբանության մեջ, ի թիվս այլ բաների, ասվում է, որ
«կառուցողական քննարկումների ընթացքում երկու կողմերը որոշակիացրել են
կոնկրետ նախնական քայլեր երկկողմ դիվանագիտական առաքելությունների գործունեությունը կայունացնելու ուղղությամբ»։
Միացյալ Նահանգները, հայտարարել է Պետդեպարտամենտը,
«մտահոգություն է հայտնել բանկային և պայմանագրային ծառայությունների
հասանելիության, ինչպես նաև Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի կայուն թվաքանակի
ապահովման անհրաժեշտության առնչությամբ»:
Պետդեպարտամենտի մեկնաբանությունից պարզ է դարձել նաև, որ
Ստամբուլում բանակցություններին ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ
պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կոուլթերը, իսկ ռուսական պատվիրակությունը՝
ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել նոր
հանդիպում, որի օրն ու վայրը կորոշվեն ավելի ուշ։