Հոլիվուդյան օսկարակիր դերասանի ու նրա տիկնոջ մահվան հանգամանքները բավական կասկածելի են. Սանտա Ֆեի ոստիկանություն

Սանտա Ֆե քաղաքի ոստիկանությունը Հոլիվուդի ամենապայծառ աստղ Ջին Հեքմենի և նրա տիկնոջ, ինչպես նաև նրանց շան մահը համարում է կասկածելի և հետաքննություն պահանջող:


«[Մահվան հանգամանքները] բավական կասկածելի են և պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություն ու հետաքննություն»,- ասվում է Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆեում նրանց տան խուզարկության օրդերում, որտեղ 95-ամյա Ջին Հեքմենը և նրա 63-ամյա կինը՝ Բեթսի Արակավան, մահացած էին հայտնաբերվել:

Միաժամանակ, ոստիկանությունը խոստովանում է, որ դեռևս հանցագործության ակնհայտ նշաններ չեն հայտնաբերել։


Նախնական զննությունից հետո ոստիկանությունը հանգել է այն եզրակացության, որ Հեքմենի և Արակավայի մարմինները բավականին երկար ժամանակ են ընկած եղել այնտեղ։


«Կարծես թե նրանք վաղուց են մահացած եղել, բայց ես չեմ ուզում գուշակել, թե որքան վաղուց է դա տեղի ունեցել»,- ասել է Սանտա Ֆե շրջանի շերիֆ Էդան Մենդոսան մամուլի ասուլիսի ժամանակ:


«Հանցագործության անմիջական նշաններ չկան, բայց մենք դա դեռ չենք բացառում։ Հետաքննությունը շարունակվում է, բոլոր տարբերակները սեղանին են»,- հավելել է Մենդոսան։