ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բարեփոխումների առաջին փուլում չեղարկվել է ավելի քան 4100 դրամաշնորհ, ինչը թույլ է տվել խնայել 4,4 միլիարդ դոլար: Արդյունքները հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
15 օրվա ընթացքում Պետդեպարտամենտը գնահատել
է ավելի քան 9000 արտաքին դրամաշնորհ՝ կապված օտարերկրյա օգնության տրամադրման հետ,
որի ընդհանուր գումարը կազմել է 15.9 միլիարդ դոլարից ավելի:
Նշվում է, որ պահպանվել են պարենային
օգնության ֆինանսավորումը, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի բուժման համար
դեղերի մատակարարումը։ Բացի դրանից, պահպանվել են օգնության ծրագրերը Լիբանանի,
Հաիթիի, Վենեսուելայի, Կուբայի և այլ երկրների համար, որոնք ամերիկյան
դրամաշնորհների կենսական կարիքն ունեն։
ԱՄՆ
պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորած 90-օրյա ստուգման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ
դրամաշնորհների վճարումը դադարեցվել է, բացառությամբ արտակարգ օգնությունների: ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը Ռուբիոյին հանձնարարել է համոզվել, որ «հարկատուների
դոլարներն օգտագործվում են Ամերիկայի ամրապնդման, անվտանգության բարձրացման և բարգավաճման համար»։
Ստուգման են մնում ավելի
քան 6000 երկարաժամկետ դրամաշնորհներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 58
միլիարդ դոլար: Սպասվում է, որ վերանայման ավարտից հետո օտարերկրյա ծրագրերի
ընդհանուր ֆինանսավորման ծավալը կնվազի 92%-ով։
USAID-ն ավելի քան 60 տարի աջակցել է
Աֆրիկայում աղքատության, հիվանդությունների, վաղ ամուսնությունների դեմ պայքարի և
այլ ծրագրերին: 2020 թվականին՝ COVID-19 համավարակի գագաթնակետին, նույնիսկ
Ռուսաստանն է գործակալությունից ստացել թոքերի արհեստական օդափոխության երկու
հարյուր սարք. ի դեպ, Ռուսաստանն իր
տարածքում արգելել էր ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը դեռևս 2012 թվականին, նշում է
BBC-ն։