«Գնա Ռուսաստանում դահուկ քշիր». Այսպիսի պաստառներով են դիմավորել ԱՄՆ փոխնախագահին Վերմոնտում՝ Զելենսկու հետ վիճաբանությունից հետո

Հարյուրավոր մարդիկ մարտի 1-ին բողոքի ցույց են արել Վերմոնտ նահանգի Ուեսթֆիլդ քաղաքում, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանգստյան օրերին գնացել էր դահուկ քշելու: Այս մասին հայտնում են AP-ն, NBC-ն և VTDigger տեղի պարբերականը։


Ցուցարարները կանգնել են Ուեսթֆիլդի գլխավոր ճանապարհի երկայնքով՝ Վենսի ավտոշարասյան ճանապարհին, որը շարժվում էր դեպի մոտակա Շուգարբուշ լեռնադահուկային հանգստավայր: Այն մասին, որ ԱՄՆ փոխնախագահը ընտանիքի հետ այցելելու է Շուգարբուշ, հայտնի էր դարձել անցյալ շաբաթվա սկզբին։

Ցույցը եղել էր ծրագրված, սակայն, որոշ մասնակիցների խոսքով, դրանց ավելի թափ են հաղորդել Վլադիմիր Զելենսկու հետ Վենսի և Դոնալդ Թրամփի կոնֆլիկտը փետրվարի 28-ին Սպիտակ տանը: Ցուցարարներից շատերը ուկրաինամետ կարգախոսներով պլակատներ են պարզել (օրինակ՝ «Վենսը դավաճան է, գնա Ռուսաստանում դահուկով քշիր»): Կային նաև պլակատներ՝ ընդդեմ ամերիկյան պետծառայողների կրճատման, ԼԳԲՏ համայնքի իրավունքների և Պաղեստինի համար։


Ակցիայի կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են մեկից երեք հազար մարդ։ Միաժամանակ Ուեսթֆիլդի փողոցներ են դուրս եկել նաև Վենսի կողմնակիցները։ Ինչպես հաղորդվում է, նրանք մի քանի տասնյակ են եղել: Նրանք լեզվակռվի են բռնվել փոխնախագահի հակառակորդների հետ, սակայն բախումներ չեն եղել։


The New York Post տաբլոիդը գրում է, որ բողոքի ակցիաների ֆոնին Վենսը չեղարկել է իր հանգիստը Շուգարբուշում և ընտանիքը տեղափոխել այլ տեղ։