Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «անհավանական» անձնավորություն, սակայն նրա թիմին կոչ է արել ընտրություններից հետո հանգստանալ և ամբողջությամբ իրականացնել հնչեցված դրական մտադրությունները։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
Նա նշել
է, որ լսելով Դոնալդ Թրամփի, Իլոն Մասկի և ԱՄՆ նոր վարչակազմի այլ
ներկայացուցիչների հերթական վերջին հայտարարությունները՝ նեղ շրջանակում կարծիք է հայտնել,
որ նրանք դեռ չեն հեռացել այդ «նախընտրական վակխանալիայից»։
Լուկաշենկոյի կարծիքով՝ որոշ հայտարարություններ
չպետք է արվեին. «Ես վերջերս նեղ շրջանակում կատակով ասել եմ. «Այնտեղ՝ Ամերիկայում,
ես եմ պակասում»։ Ես Թրամփի աչքերին ուղիղ նայելով կասեի՝ ինչպես չի կարելի անել:
Չափազանց շատ են հայտարարությունները, որոնք ընդհանրապես պետք չէր հնչեցնել»:
Բելառուսի ղեկավարը դրա օրինակ է համարել այն
տեսանյութը, թե «ինչպես նրանք կուրախացնեին Գազայի հատվածի բնակիչներին»: Նրա
խոսքով՝ նախ Գազայից բնակիչներին վտարելը իրատեսական չէ. «Նույնիսկ եթե ուզում էիր
այնտեղ ինչ-որ բան կառուցել, չպետք է այդ կերպ խոսեիր այդ մասին և ստեղծեիր ինչ-որ
տեսանյութեր։ Քաղաքականության մեջ դա անընդունելի է, դա սխալ է»։