Օվալաձև կաբինետում վիճաբանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները։ Այս մասին հայտնում է CNN-ը։
CNN-ի աղբյուրները նշել են, որ Թրամփի
ներկայացուցիչները ընդգծել են Սպիտակ տան հետ հարաբերությունների արագ կայունացման
կարևորությունը և ուկրաինացիներին կոչ են արել վերսկսել բանակցությունները՝ մինչև երեքշաբթի երեկոյան
նախագահի ելույթը Կոնգրեսում։ Զելենսկու հետ կապ հաստատածների թվում եղել է
Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, հայտնել է աղբյուրներից
մեկը։
CNN-ը պնդում է, որ այդ զրույցի արդյունքներով Ուկրաինայի
նախագահը գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում՝ ափսոսանք հայտնելով
Վաշինգտոնում տեղի ունեցած հրապարակային վիճաբանության համար և ասել, որ «ժամանակն
է ամեն ինչ ճիշտ անելու»: «Ափսոս, որ այդպես ստացվեց: Ժամանակն է ամեն ինչ ուղղելու:
Մենք կցանկանայինք, որ հետագա համագործակցությունն ու շփումները լինեին
կառուցողական»,- գրել է Զելենսկին։ Նա իր գրառումներում ուղիղ ներողություն չի խնդրել։
Ուկրաինայի
նախագահին համոզելու հարցում օգնել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը,
գրում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցների տեղեկություններով՝
երեկ՝ մարտի 4-ին, Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ։ Այդ զրույցի
ընթացքում նա Զելենսկուն փոխանցել է, որ «կային որոշակի բաներ, որ Թրամփը կուզեր
լսել», ներառյալ խոստովանություն, որ
Զելենսկին սխալ է վարել Օվալաձև կաբինետում հանդիպումը, գրում է The Times-ը: