«Ուկրաինային աջակցող ԱՄՆ-ը պրոքսի-պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ». Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն, որն օգնում է Ուկրաինային, «պրոքսի-պատերազմ» է մղում Ռուսաստանի դեմ, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


«Ի սկզբանե միանգամայն պարզ էր, որ նախագահ Թրամփը սա դիտարկում էր որպես ձգձգված, փակուղային հակամարտություն: Եվ անկեղծ ասած, սա պրոքսի-պատերազմ է միջուկային տերությունների միջև՝ ԱՄՆ-ի, որն օգնում է Ուկրաինային, և Ռուսաստանի. դրան պետք է վերջ տրվի», - ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է մտածում Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու վիճաբանության մասին:   


Ռուբիոն հավելել է, որ «ոչ ոք պատերազմն ավարտելու ոչ մի գաղափար կամ ծրագիր չունի»։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը «որոշակի առաջընթացի է հասել», սակայն ոչ մի նշան չկա, որ Ռուսաստանը հաղթում է, ուստի հակամարտությունը մտել է փակուղի: «Այն ամենը, ինչ (ԱՄՆ) նախագահը (Դոնալդ Թրամփը) փորձում է անել այստեղ, պարզելն է, թե կա՞ արդյոք խաղաղության ճանապարհ: Մենք պետք է փոխգործակցենք երկու կողմերի՝ ռուսների և ուկրաինացիների հետ»,- ասել է  Ռուբիոն։